пятница, 5 июля 2013 г.

Անվճար ատամնաբուժական ծառայություն՝ Դսեղ գյուղում

Ֆրանսահայ բժիշկների միության, ՀՀ առողջապահության նախարարության և Լոռու մարզպետարանի օժանդակությամբ մարզի համայնքներում իրականացվում է ատամնաբուժական անվճար ծառայություն:  Շարժական ատամնաբուժական կենտրոնի հերթական կանգառը Դսեղ գյուղն է: 2011 թվականի նոյեմբերից գործող շարժական կենտրոնն արդեն եղել է մարզի Մարգահովիտ, Լերմոնտովո, Ֆիոլետովո և Գուգարք գյուղերում: Բժիշկ Արտյոմ Մկրտչյանը մեկ առ մեկ ցույց է տալիս վերոնշյալ գյուղերի համայնքապետերից ստացած շնորհակալագրերը. «Գյուղացիք արդյունքներից գոհ հեռացել են»: Շարժական կայանը Դսեղում կմնա մինչև նոյեմբեր: Մոտ երեք շաբաթվա գործունեության ընթացքում արդեն դիմել է 25 դսեղցի. նրանց ցուցաբերվել և ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն:
Ատամնաբուժարանը սպասարկում է մինչև 18 տարեկաններին և 60 տարեկանից բարձրերին: Սակայն, Արտյոմ Մկրտչյանի խոսքով, լինում են դեպքեր, երբ դիմում են տարբեր տարիքի գյուղացիներ, որոնք ունեն բուժման կարիք, սակայն չունեն համապատասխան գումար, բացի դրանից՝ գյուղում առկա է ատամնաբույժի խնդիր: «Մեզ մոտ հիվանդներ են եկել, որոնք գումար են առաջարկել, բայց մենք, միանշանակ, մերժել ենք. միայն լավություն կարող ենք անել»,- նշում է երիտասարդ բժիշկը: Բժշկի մոտ այցելած հիվանդները գոհ են սպասարկումից: Գայանե Եգանյանն ասում է, որ չի էլ զգացել, թե ինչպես են «հեռացրել» ցավող ատամը. «Ոչ ցավ եմ զգացել, ոչ էլ...»: Թեև Գայանեն վաղուց 18 տարեկան չէ, 60 էլ դեռ չկա, բայց բժիշկը լավության կարգով հեռացրել է ցավող ատամը: Իսկ Գայանեի 6-ամյա տղային գրանցել է հերթագրվածների ցուցակում:
Դպրոցահասակ Արտակը ևս գոհ է բժշկի թե՛ վերաբերմունքից, թե՛ սպասարկումից:
Հավելենք, որ շարժական ատամնաբուժական կենտրոնում մատուցվում են թերապևտիկ ծառայություններ՝  ատամի բուժում, հեռացում, իսկ կայանի դռան մոտ խոշոր տառերով հուշում կա այն մասին, որ բոլոր ծառայություններն իրականացվում են անվճար:
Բժիշկը փոքրիկ էքսկուրս անցկացրեց բուժական սրահում և մեկ առ մեկ ներկայացրեց եվրոպական սարքավորումները՝ նշելով, որ իրենք աշխատում են միմիայն բարձրակարգ սարքավորումներով: Իսկ գյուղացիները, ճիշտ է, գոհ են ընձեռված հնարավորությունից, սակայն նշում են, որ գյուղում ատամնաբույժի մշտական առկայությունը խիստ կարևոր է:


Комментариев нет:

Отправить комментарий