понедельник, 29 апреля 2013 г.

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՆ ՈՒ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԲՈԼՈՐԻՆՆ ԵՆ


   
 Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը միշտ հայազգիների ու արտասահմանցիների ուշադրության կենտրոնում է...Ի՞նչ անելիքներ կան տուն-թանգարանում և ի՞նչ խնդիրներ...Մեր զրույցը տուն-թանգարանի վարիչ Ռոզա Ղազումյանի հետ է...




-Ի՞նչ հիմնախնդիրներ ունի տուն-թանգարանը:
-Առաջինը կուզեի Թումանյանի հետ կապված այնպիսի ցուցանմուշներ ձեռք բերել, որոնք կզարմացնեին մարդկանց: Կուզեի ձեռք բերել Թումանյանի ձեռագիր նամակները, Թումանյանի ձեռագրերը...Ճիշտ է՝ այս տարի թանգարանի  հիմնախնդիրների մի մասը լուծվում է՝ գազիֆիկացում, երկրորդ հարկն ամբողջությամբ վերանորոգվում է, բայց վերանորոգման հետ կապված մասնակի աշխատանքներ կան, որոնք սոցներդրումների նախագծի մեջ չեն մտել, բայց անհրաժեշտ են: Կրթական ծրագրեր իրականացնելիս գումարային հարցերում դժվարությունների առաջ ենք կանգնում: Նախատեսել եմ «Ազգային ծեսեր և ավանդույթնոր» միջոցառում անցկացնել, բայց դրա համար պետք են տաղավարներ, իրեր, նկարներ կան, որոնք կարելի է վերականգնել ու միջոցառման մեջ օգտագործել: Օրինակ՝ ինչպես են հացը թխում, գորգ գործում...այդ նույնը ցույց կտանք նաև գործնականում: Դրա համար գումար է պետք: Սա, իհարկե, լուրջ աշխատանք է, որին բավական երկար ժամանակ է անհրաժեշտ: Այսինքն՝ նյութական դժվարություններ ունենք:

-Այցելուների հետ կապված...տեղյակ եմ, որ թանգարանը շատ այցելուներ է ունենում:
-Կարևորն այն է, որ աճ կա: Վերջին 15 տարում չի եղել այնպիսի դեպք, որ մի տարի այցելուների թիվը նվազի: Միշտ աճել է. 3000-ից հասել է 11000-ի:

-Ըստ Ձեզ, դա ինչո՞վ է պայմանավորված:
-Միշտ եղել է Թումանյանի ու բնույան հանդեպ սերը: Հանրապետությունում զբոսաշրջության հետ կապված միջոցառումներ են անցկացվում, ստեղծվում են տուրիստական կենտրոններ, րոնք ուղղորդում են զբոսաշրջիկներին, հետո էլ մարդկանց նյութականն է փոքրիշատե բարելավվել: Մարդիկ արդեն հնարավորություն ունեն Երևանից գալ հանգստանալու, ու բնական է, որ եթե մոտեցել են մեր բնակավայրին, նաև կգան տուն-թանգարանը տեսնելու: Եվս մեկ կարևոր հանգամանք. Այցելուները գոհ են հեռանում, ինչը «գովազդի» հիմք է հանդիսանում, իրենց շրջապատում, կոլեկտիվներում, բարեկամների մոտ ասում են, որ կա այսպիսի թանգարան: Շատ է լինում, երբ մեկ անգամ եկողն այցելում է էլի ու էլի...

-Թումանյանի թանգարանը, նրա ժառանգությունը կարողանու՞մ են ստեղծել այնպիսի իրավիճակ, որ այցելուն իրեն զգա Թումանյանի օջախում:
-Մեր թանգարանի կառուցվածք այնպիսին է, որ առաջին և երկրորդ սրահներում, եթե նույնիսկ Թումանյանի կենսագրության հետ էլ չկապենք, ճանաչողական արժեքներ կան: Ամեն թանգարանում չէ, որ կան մեր հին կենցաղային, ազգագրական իրերը: Մենք ունենք, օգտագործում ենք, տեղեկացնում ենք, այսինքն՝ արտասահմանցի այցելուն, եե Թումանյանի մասին գաղափար չունի, հետաքրքրված չէ նրանով, գոնե այս երկու սենյակում տեսնում է հին հայկական տունը, նրա օգտագործած իրերը, ծանոթանում նրա ապրելակերպին: Երկրորդ հարկում անձնական իրեր կան, որոնք ինչպես ժամանակին, այնպես էլ հիմա, շատ ճանաչողական են և հնարավորություն են տալիս 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի մասին գաղափար կազմել, թե ինչպես է ապրել մտավորականը, ինչ իրեր է օգտագործել:



-Տիկին Ղազումյան, ըստ Ձեզ, ինչու՞ է հանրության ուշադրությունն առավելապես կենտրոնացած Թումանյանի վրա:
-Բնական է, որ մեծը Թումանյանն է, Թումանյանի հանդեպ հետաքրքրությունը՝ ևս...Թող ինձ ներեն, բայց ուրիշ թանգարաններ ինչու պիտի ավելի շատ գանան...Թումանյանի թանգարանն ու Թումանյանը բոլորինն են...

Комментариев нет:

Отправить комментарий