вторник, 28 мая 2013 г.

«Մշակութային կյանքի ակտիվացում» ծրագրի հետքերով

Դսեղ համայնքում քայլ առ քայլ իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից հայտարարված Համայնքային զարգացման դրամաշնորհային «Մշակութային կյանքի ակտիվացում» ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է Դսեղի ՀԱԽ-ի կողմից: Այն հետապնդում է հետևյալ նպատակը՝ նպաստել համայնքային կյանքի ակտիվացմանը մշակույթի տան լիարժեք շահագործման միջոցով:
         «Մշակութային կյանքի ակտիվացում» ծրագրի շրջանակներում Մայիսի 28-ին` Հանրապետության տոնի օրը Դսեղի մշակույթի տանը կազմակերպվեց  և  անցկացվեց ամենամյա շախմատի բաց մրցաշար: Մրցաշարի մրցանակային առաջին, երկրորդ և երրորդ տեղերի հաղթողներին   /Աթաբեկյան Սարգիս, Վարդանյան Դավիթ, Աթյան Հովիկ/  գյուղապետ պարոն Նորիկ Քոչարյանի կողմից  հանձնվեց պատվոգրեր և դրամական պարգևներ:
Վերոնշյալ ծրագրով արդեն ձեռք են բերվել անհրաժեշտ  գույք`  մշակույթի տան մեծահասակների զբաղվածության կենտրոնի համար և ձայնային տեխնիկա` միջոցառումները  որակյալ և պատշաճ կազմակերպելու համար: Մեծահասակների զբաղվածության կենտրոնի հիմնումը կնպաստի  բնակիչների ժամանցի  հետաքրքիր ու պատշաճ  կազմակերպմանը, խաղասենյակի շահագործումը և պահպանումը կիրականացվի մշակույթի տան աշխատակազմի կողմից,  ապահովվելով բնակիչների` խաղասենյակի ազատ օգտագործումը: 
      Ծրագրի շրջանակներում առաջիկայում նախատեսվում է իրականացնել   ՙԻմ գյուղը՚ խորագրով ֆոտոցուցահանդես և ցուցահանդեսի նկարներով պատվիրել ցուցանակ, որը կտեղադրվի Մշակույթի տան նախասրահում և կլինի մշտական ցուցադրության մեջ:

пятница, 24 мая 2013 г.

Բարի երթ

Մայիսի 24-ին վերջին զանգը հնչեց Դսեղի միջնակարգ դպրոցի շրջանավարտների համար: Դսեղի կրթահամալիրը 2013 թվականին տվեց 38 շրջանավարտ: Տոնական և հուզիչ միջոցառում էր կազմակերպվել Դսեղի մշակույթի տանը: «Վերնատուն» ամսաթերթի խմբագրակազմը  շնորհավորում է շրջանավարտներին` մաղթելով նրանց հաջողություններ կյանքի վճռորոշ այս փուլում:                               
 

суббота, 18 мая 2013 г.

Թանգարանային գիշերը Դսեղում

Ամեն տարվա մայիսի 18-ը  նշվում է որպես «Թանգարանների գիշեր»: Այդ օրը Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ: Այս տարի ևս հետաքրքիր միջոցառումներ կազմակերպեցին հատկապես դպրոցականների համար: Երեխաները խաղում էին Հովհ. Թումանյանի ստեղծած խաղերը, որոնք վերատպվել են Երևանի Հովհ. Թումանյանի թանգարանում: Խաղի մասին Թումանյանը գրում է. «Խաղը մարդու բնական օրգանական պահանջն է, նրա լրջությունն է, նրա էությունն է: Խաղը մի հեշտ ու հաճելի միջոց է, որ նպաստում է մարդու թե´ ֆիզիկական, թե´ մտավոր, թե´ հոգևոր-բարոյական զարգացմանը»: Երեխաները սիրով խաղում էին «Հնարամիտ հովիվը», «Հայոց գետերը»: Խաղին մասնակցում էին նաև ծնողները: Կազմակերպվել էր նաև ցուցահանդես` «Թումանյանը նկարիչ» թեմայով: Ոչ  բոլորը գիտեն, որ Թումանյանը ուներ 3 լուսանկարչական ապարատ: Նկարում էր ընտանիքի անդամներին, ընկերներին, իսկ իրեն նկարում էր Մուշեղ որդին: Նկարում Թումանյանը տոնական տրամադրությամբ էր:
 Ցուցադրված նկարները խոսում են մեծ բանաստեղծի տաղանդի այդ կողմի մասին ևս: 


суббота, 11 мая 2013 г.

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԴՍԵՂՈՒՄ


Դսեղ համայնքում  հաստատվել է Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից հայտարարված Համայնքային զարգացման դրամաշնորհային  «Մշակութային կյանքի ակտիվացում» ծրագիրը: Ծրագիրը ներկայացվել էր Դսեղի ՀԱԽ-ի կողմից: Այն  հետապնդում է հետևյալ նպատակը՝  նպաստել համայնքային կյանքի ակտիվացմանը մշակույթի տան լիարժեք շահագործման միջոցով:
Ծրագրով նախատեսվում է մշակույթի տանը հիմնել մեծահասակների զբաղվածության կենտրոն, այն կահավորել խաղերի համար նախատեսված գույքով` թենիսի սեղան իր հարմարանքներով, նարդի, դոմինո, սեղան-աթոռներ, աղբամաններշերտավարագույրԿապահովվի բնակիչների՝ խաղասենյակի ազատ օգտագործումը, հավաքվելով մարդիկ կկազմակերպեն ոչ միայն իրենց ժամանցը, այլեւ ոչ ֆորմալ քննարկումներ կանեն գյուղի հիմնախնդիրների, դրանց լուծումների շուրջ:  Ծրագրի շրջանակներում   ձեռք կբերվի նաև ձայնային տեխնիկա` բարձրախոսներ, ղեկավարման վահանակ, հոսանքի կարգավորիչ: Ունենալով նման որակյալ սարքավորումներ, հնարավորություն կստեղծվի այստեղ հրավիրել հանրապետության հայտնի թատերական ու երաժշտական խմբեր, անհատ կատարողներ: Ծրագրի շրջանակներում կիրականացվի նաև  ՙԻմ գյուղը՚ խորագրով ֆոտոցուցահանդես և  ցուցահանդեսի նկարներով կպատվիրվի ցուցանակ, որը կտեղադրվի Մշակույթի տան նախասրահում և  կլինի մշտական ցուցադրության մեջ: Ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքները կիրականացնեն ՀԵՆԱ-ի երիտասարդները:
    
Սա  համալիր ծրագիր է, որը կնպաստի մշակույթի տան լիարժեք շահագործմանը, համայնքային կյանքի ակտիվացմանն ու զարգացմանը: Ծրագրի արդյունքում   մշակույթի տանը կստեղծվի մեծահասակների զբաղվածության կենտրոն և կունենանք մշակութի տանը իրականացվող միջոցառումների քանակական  և որակական աճ:

четверг, 9 мая 2013 г.

Հայրենական Մեծ պատերազմի 68-րդ և Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձը

Մայիսի 9-ին Դսեղ գյուղում իրականացվեց Մայիսյան տոներին նվիրված մշակութային  միջոցառում՝ Մեծ Հայրենականում զոհվածների հուշարձանի մոտ: Միջոցառմանը հրավիրվել էին ՀՄՊ-ի վետերաններ, զոհված ազատամարտիկների ծնողներ և հյուրեր: Միջոցառման մշակութային մասին հայրենասիրական բանաստեղծություններով  հանդես եկան  Դսեղի միջն. դպրոցի աշակերտները, իսկ երգ ու պարով Դսեղի մշակույթի տան «Զարթոնք» ազգագրական համույթի սաները: Դսեղի գյուղապետ պարոն Նորիկ Քոչարյանը վետերաններին  ու զոհված ազատամարտիկների մայրերին հանձնեց նվերներ: Միջոցառման վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն:





пятница, 3 мая 2013 г.

ՈՐՍՈՐԴ ԱՇՈՏ ԷՎՈՅԱՆԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ ԳԱՅԼԵՐԻ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


- Ո՞րն է  պատճառը, որ  գայլերը վերջին շրջանում հաճախ են  հարձակվում գյուղի  մանր եղջերավոր անասունների վրա:
- Գիտեք ինչպես, խորհրդային տարիներին արմատացած մի տեսակետ կար, ըստ որի գայլերը  անտառի սանիտարներն են, սակայն անտառահատումների  պատճառով, խախտվեց անտառի  բալանսը, և ստեղծված անհավասարակշռության արդյունքում գայլերը այլևս չեն կարողանում անտառում գտնել իրենց սնունդը և կշտանալու միակ ելքը մնում է գյուղի անասուններին հոշոտելը:



 -Ի՞սկ եղանակը նպաստու՞մ է նման վարքագծի դրսևորմանը:
- Գայլերը, սովի պատճառով, հատկապես այս եղանակին են ակտիվանում, քանի որ ձմռանը կարողանում են հեշտությամբ որս կատարել: Ձմռանը  հատկապես գայլերին զոհ են դառնում եղնիկները, քանի որ առատ ձյան պայմաններում եղնիկների ոտքերը խրվում են ձյան մեջ և արագ չեն կարողանում փախչել:

-Որո՞նք են գայլերին բնորոշ հատկանիշները:
- «Գայլերը հայրենիք չունեն», համեմատաբար թույլ հոտառությամբ, խելացի, հետաքրքիր, զգոն, արագաշարժ կենդանիներ են: Չեն վախենում և ոչ մի կենդանուց:

-Ի՞սկ պետությունը որևէ քայլեր չի ձեռնարկում `նման վտանգից գյուղացուն զերծ պահելու համար:
 -Օրենքի համաձայն , որսի սեզոնը փետրվարի 28-ին համարվում է փակված և դրանից հետո յուրաքանչյուր կենդանու որսը համարվում է քրեորեն պատժելի արարք, սակայն որոշ դեպքերումհատուկ թուլտվությամբթույլատրվում է գայլերին սպանել: Նախկինում կար մի այսպիսի օրենք, որի համաձայն, սպանված ամեն գայլի համար պետությունը որսորդին տրամադրում էր 100.000-ական  դրամ, բայց հիմա այդ օրենքն էլ ուժի մեջ չէ: Ճիշտ է բնապահպանության տեսակետից գայլերի որսը թույլատրելի չէսակայն եթե այսպես շարունակվիգայլերը լուրջ վտանգ կներկայացնեն նաև բնակչության համար: