четверг, 6 июня 2013 г.

Օգնություն Դսեղի մանկապարտեզին

Վերջին շրջանում մեծացել է ուշադրությունը Դսեղում գործող նախադպրոցական ուսումնական  հաստատության նկատմամբ, ինչպես համայնքապետարանի, այնպես էլ տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից: Անցած շաբաթ հաստատություն այցելեցին «Պարգևենք ժպիտ» երիտասարդական հասարակական կազմակերպության անդամները, ովքեր թխվածքաբլիթներ հյուրասիրեցին մանուկներին, ինչպես նաև նվիրեցին խաղալիքներ և զգեստներ: <<Ճիշտ է՝ դրանք ամբողջովին նոր չէին, բայց դա էլ մեծ օգնություն էր>>,-նշում է հաստատության տնօրեն Վ. Թումանյանը: Այժմ Դսեղի  նախադպրոցական ուսումնական  հաստատություն են հաճախում 41 երեխաներ: Շուտով կկազմվի երկու խումբ, որպեսզի երեխաների հետ աշխատելն ավելի դյուրին լինի: Բայց այսուհանդերձ հաստատությունը զերծ չէ խնդիրներից: Շենքը ունի վերանորոգման կարիք, չկան խոհանոցային և անկողնային անհրաժեշտ պարագաներ: Քաունթերփարթ Ինթերնեշնլի Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերանորոգել և գույքով համալրել մանկապարտեզի շենքը: Ծրագիրը հաստատման փուլում է և հավանաբար հուլիսից կսկվեն աշխատանքները:
 Շուրջ երկու ամիս է, ինչ Դսեղում գործող այս հաստատությունը անվճար է դսեղաբնակ երեխաների համար, բոլոր ծախսերը հօգում է համայնքապետարանը: Բայց հաստատության շենացմանը օժանդակում են նաև գյուղի բնակիչները` կամավոր սկզբունքով տարբեր աշխատանքներ տանելով մանկապարտեզի ներսում և հարակից տարածքում: Վերանորոգվել են կոտրված աթոռները, իսկ Համլետ Քոչարյանը, ում աղջիկը նույնպես այս նախակրթարանի սան է, հաստատությանը նվիրաբերել է տասը մանկական սեղան: Հաստատություն հաճախող մյուս երեխաների ծնողները պարբերաբար օժանդակում են բնամթերքով: Նորընտիր  տնօրեն Վ. Թումանյանը հավաստիացնում է, որ կանի ամեն ինչ մանկապարտեզի հետագա աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:


вторник, 28 мая 2013 г.

«Մշակութային կյանքի ակտիվացում» ծրագրի հետքերով

Դսեղ համայնքում քայլ առ քայլ իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից հայտարարված Համայնքային զարգացման դրամաշնորհային «Մշակութային կյանքի ակտիվացում» ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է Դսեղի ՀԱԽ-ի կողմից: Այն հետապնդում է հետևյալ նպատակը՝ նպաստել համայնքային կյանքի ակտիվացմանը մշակույթի տան լիարժեք շահագործման միջոցով:
         «Մշակութային կյանքի ակտիվացում» ծրագրի շրջանակներում Մայիսի 28-ին` Հանրապետության տոնի օրը Դսեղի մշակույթի տանը կազմակերպվեց  և  անցկացվեց ամենամյա շախմատի բաց մրցաշար: Մրցաշարի մրցանակային առաջին, երկրորդ և երրորդ տեղերի հաղթողներին   /Աթաբեկյան Սարգիս, Վարդանյան Դավիթ, Աթյան Հովիկ/  գյուղապետ պարոն Նորիկ Քոչարյանի կողմից  հանձնվեց պատվոգրեր և դրամական պարգևներ:
Վերոնշյալ ծրագրով արդեն ձեռք են բերվել անհրաժեշտ  գույք`  մշակույթի տան մեծահասակների զբաղվածության կենտրոնի համար և ձայնային տեխնիկա` միջոցառումները  որակյալ և պատշաճ կազմակերպելու համար: Մեծահասակների զբաղվածության կենտրոնի հիմնումը կնպաստի  բնակիչների ժամանցի  հետաքրքիր ու պատշաճ  կազմակերպմանը, խաղասենյակի շահագործումը և պահպանումը կիրականացվի մշակույթի տան աշխատակազմի կողմից,  ապահովվելով բնակիչների` խաղասենյակի ազատ օգտագործումը: 
      Ծրագրի շրջանակներում առաջիկայում նախատեսվում է իրականացնել   ՙԻմ գյուղը՚ խորագրով ֆոտոցուցահանդես և ցուցահանդեսի նկարներով պատվիրել ցուցանակ, որը կտեղադրվի Մշակույթի տան նախասրահում և կլինի մշտական ցուցադրության մեջ:

пятница, 24 мая 2013 г.

Բարի երթ

Մայիսի 24-ին վերջին զանգը հնչեց Դսեղի միջնակարգ դպրոցի շրջանավարտների համար: Դսեղի կրթահամալիրը 2013 թվականին տվեց 38 շրջանավարտ: Տոնական և հուզիչ միջոցառում էր կազմակերպվել Դսեղի մշակույթի տանը: «Վերնատուն» ամսաթերթի խմբագրակազմը  շնորհավորում է շրջանավարտներին` մաղթելով նրանց հաջողություններ կյանքի վճռորոշ այս փուլում:                               
 

суббота, 18 мая 2013 г.

Թանգարանային գիշերը Դսեղում

Ամեն տարվա մայիսի 18-ը  նշվում է որպես «Թանգարանների գիշեր»: Այդ օրը Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ: Այս տարի ևս հետաքրքիր միջոցառումներ կազմակերպեցին հատկապես դպրոցականների համար: Երեխաները խաղում էին Հովհ. Թումանյանի ստեղծած խաղերը, որոնք վերատպվել են Երևանի Հովհ. Թումանյանի թանգարանում: Խաղի մասին Թումանյանը գրում է. «Խաղը մարդու բնական օրգանական պահանջն է, նրա լրջությունն է, նրա էությունն է: Խաղը մի հեշտ ու հաճելի միջոց է, որ նպաստում է մարդու թե´ ֆիզիկական, թե´ մտավոր, թե´ հոգևոր-բարոյական զարգացմանը»: Երեխաները սիրով խաղում էին «Հնարամիտ հովիվը», «Հայոց գետերը»: Խաղին մասնակցում էին նաև ծնողները: Կազմակերպվել էր նաև ցուցահանդես` «Թումանյանը նկարիչ» թեմայով: Ոչ  բոլորը գիտեն, որ Թումանյանը ուներ 3 լուսանկարչական ապարատ: Նկարում էր ընտանիքի անդամներին, ընկերներին, իսկ իրեն նկարում էր Մուշեղ որդին: Նկարում Թումանյանը տոնական տրամադրությամբ էր:
 Ցուցադրված նկարները խոսում են մեծ բանաստեղծի տաղանդի այդ կողմի մասին ևս: