Դսեղցի Անահիտ Աթոյանը պարապ մնալ չի սիրում. ձեռքին անընդհատ աշխատանք կա: Ասեղնագործում է, շյուղերով կենդանացնում Կոմիտասին, Սայաթ-Նովային, Թումանյանին ու նրա հերոսներին՝ Ձախորդ Փանոսին, Անուշին, Սարոյին...
Գրում է hetq.am կայքը (http://hetq.am/arm/news/32408/anahit-tati-dzeragorts-tikniknery.html)
Մութ ու ցուրտ տարիներն անգամ Անահիտ տատի այս զբաղմունքին չեն խանգարել: «Ընտանիքս շատ լավն է, եթե ես նստեցի իմ անկյունում՝ գործելու, ոչ մեկը չի խանգարում»:
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի հարևանությամբ նա տարածք է ձեռք բերել, որտեղ էլ շարունակում է իր 55 տարվա աշխատանքը: Ինքնուս է, ոչ մեկից չի սովորել ասեղնագործել, բայց այսօր ունի բազմաթիվ մեծ ու փոքր գործեր: Կարում է նաև հագուստներ, որոնց նմանը հագել են Անուշն ու Սարոն:
«Ինձ պատիվ է վիճակվել, որ Թումանյանի թանգարանին կից աշխատեմ: Թանգարան մտնելով՝ մարդիկ ծանոթանում են Թումանյանի ամեն ինչին, բայց որ այստեղ մտնում են կերպարի մեջ, դա արդեն հոգու մի ուրիշ հանգստություն է, չգիտեմ ինչ բավականություն է»,- նշում է Անահիտ տատը:
«Երբ վարչապետը եկավ Դսեղ, ինքը, կարելի է ասել, հրամայական տվեց, որ «էս կինը հետը տանելո՞ւ է: Ժամեր տվեք, թող էս կինը պարապի»,- ասում է Անահիտ տատը: Խոստացան, գյուղի ակումբում ժամեր տվեցին, հիմա այնտեղ երեխաներին է գործել սովորեցնում: 8 աշակերտ ունի ու կարծում է, որ նրանց թիվը դեռ կավելանա: Հարցնում եմ՝ եթե ասեղնագործում եք, ենթադրում եմ, որ նաև նկարում եք: «Շրջվեք, նայեք Մասիսին, ծիծեռնակին, ծաղիկները...Դրանց պատկերներն ինքս եմ նկարել ու հանձնել թելին»,- ասում է Անահիտ տատը:
Տիկնիկների վաճառքից գոհ չէ. ասում է՝ հայ այցելուները ճանաչում են, գիտեն Թումանյանին, բայց մեծ գնումներ չեն անում, հիմնականում մանր գործերն են վաճառվում, իսկ դրսից եկած զբոսաշրջիկները չեն ճանաչում նրա հերոսներին:
Հերթով ցույց է տալիս տետրերը, որոնցում տարբեր մարդկանց կարծիքներն են իր գործերի մասին: Ամենատպավորիչն, ըստ Անահիտ տատի, 9-ամյա մի երեխայի կարծիքն է, ով գրել է, որ նրա գործերը ոչնչի հետ չի փոխի: Արվեստի մի շարք ներկայացուցիչներ՝ Երվանդ Մանարյանը, Սոս Սարգսյանը, Ցոլակ Կանթեղը, Վահրամ Թաթիկյանը և այլք ևս իրենց բարձր կարծիքն են հայտնել Անահիտ տատի աշխատանքի մասին: «Եթե ժողովրդի հետ խոսում եմ, ժողովուրդն ինչ-որ ձևով, թեկուզ մի փոքր ինձ գնահատում է, ոգևորող խոսք է ասում, դա ինձ համար պլյուս է: Էն աշխատանքը, որն անում եմ 4-5 օրում, կարող է ոգեշնչվեմ ու մի օրում անեմ»,-ասում է Անահիտ տատը:
Չնայած երկար տարիների փորձին, չի դադարում սովորել: «Դեռ սովորում եմ: Սովորում եմ մեծերից: Փոքրերը կոմպյուտերի հետ են: Դրա համար ես ասում եմ՝ մշակույթ, մշակույթ, մշակույթ: Աշխատեք երեխեքին ամեն ձևով կապել մշակույթին:
Комментариев нет:
Отправить комментарий