пятница, 19 июля 2013 г.

ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ ԵՐԿՈՒ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐՈՒՄ

Դսեղի  Համայնքային աշխատանքային խումբը  Քաունթերփարթ Ինթերնեշնլի Համայնքային զարգացման «Մշակութային կյանքի ակտիվացում» ծրագրի շրջանակներում հունիսի 23-ին  հայտարարել  էր  "Իմ գյուղը " խորագրով լուսանկարների մրցույթ: Մրցույթին  մասնակցեցին բոլորը՝ առանց տարիքային սահմանափակման: Յուրաքանչյուր մասնակից  ներկայացրեց  մեկից մինչև երեք հատ նկար: Լուսանկարների մրցույթի արդյունքում ընտրված լավագույն աշխատանքներով պատվիրվեց ցուցատախտակ, որն  իր տեղը գտավ Դսեղի մշակույթի տան նախասրահում` մշտական ցուցադրության համար: Լուսանկարչական ցուցահանդեսի բացումն  անց կացվեց հուլիսի 19-ին Դսեղի մշակույթի տանը: Այդ օրը նաև դսեղցի, ԳԱԱ ակադեմիկոս Հանրի Ներսեսյանի  լուսանկարների «Թումանյանական աշխարհն այսօր» անհատական ցուցադրությունն էր, նրա նկարների հավաքածուն կազմված էր շուրջ 100 աշխատանքներից, որոնք հեղինակը նվիրեց մշակույթի տանը: Մշակույթի տան նախասրահը լի էր  հանդիսատեսով. այստեղ էին Քաունթերփարթ Ինթերնեշնլի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարլ Հոֆստրան և այլ ներկայացուցիչներ, համագյուղացիներ,  նաև Ավստրիայից Փորձի փոխանակման ծրագրով ժամանած 26 երիտասարդներ: Կարմիր ժապավենի կտրման արարողությունից հետո  ողջույնի և    շնորհավորանքի  խոսքերով ելույթ ունեցավ Դսեղի գյուղապետ պարոն Նորիկ Քոչարյանը: Միջոցառման նպատակն էր`  համայնքում մշակութային և արվեստագիտական  միջոցառումների խթանում, լուսանկարչական արվեստի նկատմամբ  հետաքրքրության բարձրացում: Միջոցառման վերջում հյուրերը հյուրընկալվեցին Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում, որտեղ կազմակերպվել էր հանդիպում «Գիքորի»  դերակատար Ալբերտ Ղուլինյանի հետ:
     

воскресенье, 7 июля 2013 г.

Գերմանացի զբոսաշրջիկների «Փոքրիկ տղան մի վարդ տեսավ» երգը՝ Դսեղում


Գերմանացի զբոսաշրջիկների՝ Հայաստանում նախընտրած տեսարժան վայրերից մեկը Լոռու մարզի Դսեղ գյուղն է՝ Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայրը: Նրանք Թումանյանի տուն-թանգարանում ներքին մի զգացմունք ունեն. այն գրական կապը, որ կար Թումանյանի և Գյոթեի, Թումանյանի և Շիլլերի միջև: Այդ կապի մասին գերմանացիք գիտեն: Տարեց, բայց երիտասարդությունը չկորցրած գերմանացիք գիտեն նաև «Փոքրիկ տղան մի վարդ տեսավ» բանաստեղծության մասին, որը գրեց Գյոթեն, թարգմանեց Թումանյանը, մեղեդայնություն հաղորդեց Ռոմանոս Մելիքյանը: Դսեղցի մանկավարժ Սունաննա Թումանյանը որերորդ անգամ գերմաներեն լեզվով միջոցառում է կազմակերպում. այս անգամ՝ հատուկ հյուրերի համար: Միջոցառման համն ու հոտն այդ երգն է՝ հայերեն և գերմաներեն կատարմամբ: Հյուրերը հայերեն չգիտեն, բայց ընկալում են երգը՝ առաջին իսկ հնչյուններից: Նաև օգնում են միջոցառման փոքրիկ մասնակիցներին...ճիշտ է՝ բառերը չեն հասկանում, բայց փորձում են նմանեցնել...ու, կարծես, ստացվում է: Այնուհետև հնչում է երգի գերմաներեն տարբերակը: Գերմանացիք ոտքի են կանգնում. մասնակիցները հյուրերին վարդ են նվիրում: Գերմանացիք հեռանում են՝ իրենց հետ տանելով Թումանյանական աշխարհից գո՛նե լուսանկարներ...



пятница, 5 июля 2013 г.

Անվճար ատամնաբուժական ծառայություն՝ Դսեղ գյուղում

Ֆրանսահայ բժիշկների միության, ՀՀ առողջապահության նախարարության և Լոռու մարզպետարանի օժանդակությամբ մարզի համայնքներում իրականացվում է ատամնաբուժական անվճար ծառայություն:  Շարժական ատամնաբուժական կենտրոնի հերթական կանգառը Դսեղ գյուղն է: 2011 թվականի նոյեմբերից գործող շարժական կենտրոնն արդեն եղել է մարզի Մարգահովիտ, Լերմոնտովո, Ֆիոլետովո և Գուգարք գյուղերում: Բժիշկ Արտյոմ Մկրտչյանը մեկ առ մեկ ցույց է տալիս վերոնշյալ գյուղերի համայնքապետերից ստացած շնորհակալագրերը. «Գյուղացիք արդյունքներից գոհ հեռացել են»: Շարժական կայանը Դսեղում կմնա մինչև նոյեմբեր: Մոտ երեք շաբաթվա գործունեության ընթացքում արդեն դիմել է 25 դսեղցի. նրանց ցուցաբերվել և ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն:
Ատամնաբուժարանը սպասարկում է մինչև 18 տարեկաններին և 60 տարեկանից բարձրերին: Սակայն, Արտյոմ Մկրտչյանի խոսքով, լինում են դեպքեր, երբ դիմում են տարբեր տարիքի գյուղացիներ, որոնք ունեն բուժման կարիք, սակայն չունեն համապատասխան գումար, բացի դրանից՝ գյուղում առկա է ատամնաբույժի խնդիր: «Մեզ մոտ հիվանդներ են եկել, որոնք գումար են առաջարկել, բայց մենք, միանշանակ, մերժել ենք. միայն լավություն կարող ենք անել»,- նշում է երիտասարդ բժիշկը: Բժշկի մոտ այցելած հիվանդները գոհ են սպասարկումից: Գայանե Եգանյանն ասում է, որ չի էլ զգացել, թե ինչպես են «հեռացրել» ցավող ատամը. «Ոչ ցավ եմ զգացել, ոչ էլ...»: Թեև Գայանեն վաղուց 18 տարեկան չէ, 60 էլ դեռ չկա, բայց բժիշկը լավության կարգով հեռացրել է ցավող ատամը: Իսկ Գայանեի 6-ամյա տղային գրանցել է հերթագրվածների ցուցակում:
Դպրոցահասակ Արտակը ևս գոհ է բժշկի թե՛ վերաբերմունքից, թե՛ սպասարկումից:
Հավելենք, որ շարժական ատամնաբուժական կենտրոնում մատուցվում են թերապևտիկ ծառայություններ՝  ատամի բուժում, հեռացում, իսկ կայանի դռան մոտ խոշոր տառերով հուշում կա այն մասին, որ բոլոր ծառայություններն իրականացվում են անվճար:
Բժիշկը փոքրիկ էքսկուրս անցկացրեց բուժական սրահում և մեկ առ մեկ ներկայացրեց եվրոպական սարքավորումները՝ նշելով, որ իրենք աշխատում են միմիայն բարձրակարգ սարքավորումներով: Իսկ գյուղացիները, ճիշտ է, գոհ են ընձեռված հնարավորությունից, սակայն նշում են, որ գյուղում ատամնաբույժի մշտական առկայությունը խիստ կարևոր է:


четверг, 4 июля 2013 г.

Անգլերեն լեզվի միջհամայնքային ճամբար

Դսեղում ԽԿ կամավոր Մերի Էն Հարթիի սեփական նախաձեռնությամբ  հուլիսի 1-3  ընկած ժամանակահատվածում կազմակերվեց եռօրյա անգլերենի ճամբար, որին մասնակցեցին 45 դպրոցահասակ երեխաներ՝ Դսեղ, Դեբեդ և Վահագնիի համայնքներից:  Ճամբարային օրերի արդյունավետ  անցկացմանը իր ներդրումն ունեցավ  Դսեղի դպրոցի օտար լեզվի մասնագետ Անուշ Ղորխմազյանը՝ կամավոր սկզբունքով աշակերտներին փոխանցելով իր գիտելիքները:
Ճամբարի ընթացքում աշակերտները ստացան գիտելիքներ, երեք օր  անգլերեն լեզվով շփվեցին  տարբեր կամավորների և ուսուցիչների հետ, խաղացին լեզուն զարգացնող տարբեր խաղեր, կատարեցին  վարժություններ:
Մասնակիցների ծնողներն իրենց գոհունակությունն հայտնեցին ճամբարի կազմակերպիչներին  և ցանկություն հայտնեցին, որ նման միջոցառումներն առավել հաճախակի լինեն համայնքում:





пятница, 28 июня 2013 г.

Երիտասարդների կամավորության հերթական դրսևորումը

Լոռու մարզի Դսեղ, Ախթալա և Մարգահովիտ  գյուղերի Համայնքային երիտասարդական ակումբները    և                  Համայնքային ակտիվ խմբի անդամները «Կամավորություն+Գործողություն=Փոփոխություն»  ծրագրի շրջանակներում այցելել էին Վանաձորի Ծերերի տուն: Ակումբների երիտասարդները երգ ու պարով ուրախացրեցին ծերերին: Նրանք իրենց հետ բերել էին իրենց իսկ ձեռքով պատրաստած գյուղական ուտեստները,  որոնք  հյուրասիրեցին Ծերերի տան բնակիչներին: «Ծրագիրն իրականացնում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»  ՀԿ-ն՝ Քաունթերփարթ ինթերնեշընըլի Հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ Միջազգային գործակալության աջակցությամբ: Լոռու մարզում կազմակերպիչը «ՀԿ Կենտրոն» Քաղաքացիական հասարակության զարգացման  հասարակական  կենտրոնն  է, որն աշխատում է այդ համայնքներում:
Ծրագրի նպատակն էր համայնքներում ընդլայնել կամավորությունը: Եվ բոլորն էլ իրենց ներդրումն ունեցան ակցիան հաջողությամբ իրականացնելու համար:

Վերջում Ծերերի տան բնակիչները շնորհակալություն հայտնեցին բոլոր կազմակերպիչներին՝ հույս հայտնելով, որ նմանօրինակ այցերը կլինեն ավելի հաճախակի: