Մեր ժամանակներում համացանցը մեծ դեր ունի հասարակության
կյանքում: Համացանցից օգտվում են գրեթե բոլորը՝ թե՛ մեծերը, թե՛ փոքրերը: Դա դարձել
է անհրաժեշտություն որոշ մարդկանց կյանքում: Գյուղերում դեռևս համացանցից օգտվողները քիչ են: Մեր
գյուղում՝ Դսեղում երիտասարդությունը հիմնականում օգտվում է սոցցանցերից՝
Facebook, Odnoklassniki և այլն: Վերջին տարիներին կրթության մեջ նույնպես մեծացել
է համացանցի դերը: Հարցումներից պարզ դարձավ, որ երիտասարդները մեծ ցանկություն ունեն
գյուղում ավելի զարգացնել համացանցը և օգտվեն բոլոր հնարավորություններից:
понедельник, 29 апреля 2013 г.
Հարցազրույց Դսեղի գյուղապետի հետ
Դսեղը մեծ գյուղ է: Գյուղ, որ ապրում է իր առօրյայով, իր խնդիրներով,
հիմնախնդիրներով, կենցաղով...Դսեղը՝ Դսեղի համայնքապետ Նորիկ Քոչարյանի աչքերով:
-Պարոն Քոչարյան, Դուք
ղեկավարում եք Ամենայն հայոց բանաստղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայրը...
-Մենք՝ համագյուղացիներս, աշխատում ենք ուժերի ներածին չափով
աշխատում ենք գյուղի վաղեմի փառքն ու փայլը չնսեմացնել, եկող զբոսաշրջիկներին ցույց
տալ այն լավագույնը, որ տարիներով, դարերով մեր գյուղն ունեցել է: Գյուղն ունի շուրջ
12 դարի պատմություն: Հիմնադրել են Մամիկոնյանները, ովքեր եկել են Տարոնից, ամառանոց
սարքել ու հիմնադրվել:Գյուղն իր պատմամշակութային հուշարձաններով մեր հանրապետության
ամենաճանաչված, ամենասիրված վայրերից մեկն է: Մենք ունենք այնպիսի կոթողներ, որ երևի
շատ-շատերը կարող են ուրախանալ ու հպարտանալ դրանցով՝ Սիրուն խաչը, որը Փարիզում ցուցադրվելու
ժամանակ արժանացել է 1-ին կարգի մեդալի, 8-րդ դարում կառուցված Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ
վանքը...
-Օրեր առաջ՝ Թումանյանի 144-ամյակին, մեր ուժերի ու հնարավորությունների
սահմաններում մակարդակով, լոռեցուն հատուկ շուքով նշեցինք (հիշեցնենք, որ փետրվարի
20-ին՝ Թումանյանի հոբելյանի առթիվ, Դսեղում մեծ համերգ ունեցավ Վանաձորի «Հորովել»
երգի-պարի համույթը՝ Ստեփան Դալլաքյանի գլխավորությամբ-հեղ. ): Թումանյանը մեր ներկայի
ու գալիք սերունդների հավերժությունն է. մենք բոլորս պետք է հպարտանանք և ապրենք այդ
հանճարի թողած ժառանգությամբ: Կուզեի, որ ըմբռնումով մոտենանք ու սիրենք այն գյուղը,
անմնացորդ ծառայենք այն գյուղին, որտեղ ծնվել ու մեծացել է ազգային հանճարը:
-Գյուղը, բնականաբար,
ունի հիմնախնդիրներ; Որո՞նք են այդ հիմնախնդիրները:
-Գյուղը, ինչպես Հանրապետության բոլոր գյուղերը, անկախության
տարիներից ունեցան անլուծելի հարցեր, որոնք կամաց-կամաց, ըստ ծրագրերի՝ գյուղատնտեսության,
մշակույթի և այլն, տեղից շարժվում են: Մենք աշխատում ենք ներգրավել այդ ծրագրերը, աշխատում
ենք, որ համահունչ լինի բոլոր հարցերի լուծումը: Պետությունը ներդրում կատարում է ոչ
լրիվ արժեքով. գյուղապետարանին թողնում են իր չափաբաժինը: Ինչքան էլ դժվար լինի մեզ
մոտ, մենք պարտավոր ենք դա ստեղծել, քանի որ մեր ֆինանսական բոլոր միջոցները գալիս
են հարկերից: Այսօր գյուղացին չունի այն պոտենցիալը, որ կարողանա հողի հարկը վճարել,
առավել ևս, որ հողը չի մշակում: Պետությունն էլ է մեզ դոտացիա տալիս, բայց դա բավական
չէ, ու պետք է մենք էլ աշխատենք անել այն, ինչ հնարավոր է: Ունենք մի շարք խնդիրներ՝
աղբահանության, գյուղի մի մասն է գազիֆիկացված, 32 կմ երկարությամբ ներքին ջրագիծն
ունի վերանորոգման կարիք, անբարեկարգ ճանապարհներ ունենք, չկա արտաքին լուսավորություն,
կան անապահով ընտանիքներ: Գյուղացին գումար չունի, որ նախ հողը մշակի, ինչի պատճառով
հարկերը կուտակվում են:
-Պարո՛ն գյուղապետ, ինչպես
նշեցիք Ձեր խոսքում, գյուղում անապահով ընտանիքներ կան:
-Ոչ միայն Դսեղ գյուղը, այլև հանրապետության լեռնային և կիսալեռնային
բնակավայրերում ապրողները, աղքատ չեն, բայց ապահովված էլ չեն: Հարցը նրանում է, որ
մենք չունենք լավ վարելահողեր, անտառներն ու կիրճերը շատ են: Սա Արարատյան դաշտը չէ,
որ տարին 2 անգամ բերք ստանանք. Մենք մեկ անգամ չենք կարողանում բերք ստանալ, առավել
ևս այսօրվա վիճակով: Մեր գյուացիները միշտ էլ զբաղվել են անասնապահությամբ: Դա միակ
աշխատանքն է, որ դսեղցուն քիչ թե շատ հնարավորություն է տալիս ապրել ու գոյատևել, իր
ամենափոքր պահանջները հոգալ: Ցավով եմ ասում, որ ոչ բոլորի մոտ է դա ստացվում, քանի
որ բոլորը չեն պատրաստ դրան, անասնապահությունն էլ այն բնագավառն է, որ մարդը պետք
է 12 ամիս անասունի հետ կապված լինի: Դա այգեգրծություն չէ, որ գյուղացին ձմռանը մի
քիչ հանգստանա: Եթե անասնապահությունը դնենք նժարին, նրանից ստացված եկամուտը հավասարազոր
կլինի զրոյի. Գյուղացին արդյունք չի ստանում: Այսօր, ի հակառակ նախկինի, չկան ձիեր,
խոտն արոտավայրերից մեքենաներով ենք բերում, բայց չկան բարեկարգ ճանապարհներ, վառելանյութի
գինը բարձր է, գյուղացին բոլոր տնտեսագետներից լավ գիտի, թե իր եկամուտների աղբյուրը
որտեղից կստացվի. Իրեն շահույթ կմնա՞, թե ոչ: Ինչպես ժողովուրդն է ասում, գյուղացին
իր գրպանի լոբին բոլորից լավ է հաշվում: Բոլոր ծախսերը կուտակվում են, ու գյուղացու
ստացած եկամուտը, իր քրտինքի ու իր ձեռքի կոշտուկի համեմատ, ոչինչ է: Սա ցավով եմ ասում,
բայց մենք աջակցելու ենք, որ կարողանանք հասնել նրան, որ գյուղացին իր քրտինքի ու աշխատանքի
տերը լինի:
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՆ ՈՒ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԲՈԼՈՐԻՆՆ ԵՆ
Ամենայն հայոց բանաստեղծ
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը միշտ հայազգիների ու արտասահմանցիների ուշադրության
կենտրոնում է...Ի՞նչ անելիքներ կան տուն-թանգարանում և ի՞նչ խնդիրներ...Մեր զրույցը
տուն-թանգարանի վարիչ Ռոզա Ղազումյանի հետ է...
-Ի՞նչ հիմնախնդիրներ ունի
տուն-թանգարանը:
-Առաջինը կուզեի Թումանյանի հետ կապված այնպիսի ցուցանմուշներ
ձեռք բերել, որոնք կզարմացնեին մարդկանց: Կուզեի ձեռք բերել Թումանյանի ձեռագիր նամակները,
Թումանյանի ձեռագրերը...Ճիշտ է՝ այս տարի թանգարանի հիմնախնդիրների մի մասը լուծվում է՝ գազիֆիկացում,
երկրորդ հարկն ամբողջությամբ վերանորոգվում է, բայց վերանորոգման հետ կապված մասնակի
աշխատանքներ կան, որոնք սոցներդրումների նախագծի մեջ չեն մտել, բայց անհրաժեշտ են:
Կրթական ծրագրեր իրականացնելիս գումարային հարցերում դժվարությունների առաջ ենք կանգնում:
Նախատեսել եմ «Ազգային ծեսեր և ավանդույթնոր» միջոցառում անցկացնել, բայց դրա համար
պետք են տաղավարներ, իրեր, նկարներ կան, որոնք կարելի է վերականգնել ու միջոցառման
մեջ օգտագործել: Օրինակ՝ ինչպես են հացը թխում, գորգ գործում...այդ նույնը ցույց կտանք
նաև գործնականում: Դրա համար գումար է պետք: Սա, իհարկե, լուրջ աշխատանք է, որին բավական
երկար ժամանակ է անհրաժեշտ: Այսինքն՝ նյութական դժվարություններ ունենք:
-Այցելուների հետ կապված...տեղյակ
եմ, որ թանգարանը շատ այցելուներ է ունենում:
-Կարևորն այն է, որ աճ կա: Վերջին 15 տարում չի եղել այնպիսի
դեպք, որ մի տարի այցելուների թիվը նվազի: Միշտ աճել է. 3000-ից հասել է 11000-ի:
-Ըստ Ձեզ, դա ինչո՞վ է
պայմանավորված:
-Միշտ եղել է Թումանյանի ու բնույան հանդեպ սերը: Հանրապետությունում
զբոսաշրջության հետ կապված միջոցառումներ են անցկացվում, ստեղծվում են տուրիստական
կենտրոններ, րոնք ուղղորդում են զբոսաշրջիկներին, հետո էլ մարդկանց նյութականն է փոքրիշատե
բարելավվել: Մարդիկ արդեն հնարավորություն ունեն Երևանից գալ հանգստանալու, ու բնական
է, որ եթե մոտեցել են մեր բնակավայրին, նաև կգան տուն-թանգարանը տեսնելու: Եվս մեկ
կարևոր հանգամանք. Այցելուները գոհ են հեռանում, ինչը «գովազդի» հիմք է հանդիսանում,
իրենց շրջապատում, կոլեկտիվներում, բարեկամների մոտ ասում են, որ կա այսպիսի թանգարան:
Շատ է լինում, երբ մեկ անգամ եկողն այցելում է էլի ու էլի...
-Թումանյանի թանգարանը,
նրա ժառանգությունը կարողանու՞մ են ստեղծել այնպիսի իրավիճակ, որ այցելուն իրեն զգա
Թումանյանի օջախում:
-Մեր թանգարանի կառուցվածք այնպիսին է, որ առաջին և երկրորդ
սրահներում, եթե նույնիսկ Թումանյանի կենսագրության հետ էլ չկապենք, ճանաչողական արժեքներ
կան: Ամեն թանգարանում չէ, որ կան մեր հին կենցաղային, ազգագրական իրերը: Մենք ունենք,
օգտագործում ենք, տեղեկացնում ենք, այսինքն՝ արտասահմանցի այցելուն, եե Թումանյանի
մասին գաղափար չունի, հետաքրքրված չէ նրանով, գոնե այս երկու սենյակում տեսնում է հին
հայկական տունը, նրա օգտագործած իրերը, ծանոթանում նրա ապրելակերպին: Երկրորդ հարկում
անձնական իրեր կան, որոնք ինչպես ժամանակին, այնպես էլ հիմա, շատ ճանաչողական են և
հնարավորություն են տալիս 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի մասին գաղափար կազմել,
թե ինչպես է ապրել մտավորականը, ինչ իրեր է օգտագործել:
-Տիկին Ղազումյան, ըստ
Ձեզ, ինչու՞ է հանրության ուշադրությունն առավելապես կենտրոնացած Թումանյանի վրա:
-Բնական է, որ մեծը Թումանյանն է, Թումանյանի հանդեպ հետաքրքրությունը՝
ևս...Թող ինձ ներեն, բայց ուրիշ թանգարաններ ինչու պիտի ավելի շատ գանան...Թումանյանի
թանգարանն ու Թումանյանը բոլորինն են...
пятница, 26 апреля 2013 г.
среда, 24 апреля 2013 г.
Երիտասարդության համաշխարհային կամավորության օրը Դսեղում
Երիտասարդների համաշխարհային կամավորության օրը, Դսեղի ՀԵՆԱ անդամները կմաքրեն երտասարդական այգու տարածքը և
այնտեղ ծաղիկներ կտնկեն:
Մեծ Եղեռնի 98-ամյակին
Գարնան խոնավ լույսով ու մշուշով շաղաղված , բացվում է ապրիլյան մռայլ
առավոտը...Մոտենում ես օրացույցին ու աչքերիդ դիմաց կանգնում է խոշորատառ 24 թիվը...Սև
թանաքով սպիտակի վրա գրված ամիս ամսաթիվ չէ սա, այլ կյանքի, խաղաղության դեմ գործած մի
դավադրութուն:
Այսօր`ապրիլի 24-ին, ժամը 10:30-ին Դսեղ
գյուղում երթ տեղի ունեցավ, որը նվիրված էր Մեծ Եղեռնի 98-ամյակին: Երթի մասնակիցները
պաստառներով շարժվեցին դեպի Ս.Գրիգոր Լուսավորիչ
եղեկեցու բակում տեղադրված խաչքար`ծաղիկներ դնելու: Զոհերի հիշատակը հավերժացնող բանաստեղծություններով
և երգերով հանդես եկան երթի մասնակիցները, որից հետո մոմավառություն կատարեցին եկեղեցում:
понедельник, 22 апреля 2013 г.
Դասընթաց «Քաղլրագրություն» թեմայով
Այն կազմակերպվել էր ՀԿ կենտրոն ՔՀԶ ՀԿ-ի Վանաձոր Իֆոտուն ծրագրի շրջանակներում: Դասընթացը վարեց լրագրող Վահագն Անտոնյանը: Սկզբում ՀԵՆԱ անդամները ծանոթացան թեմատիկ նյութին,որից հետո կատարեցին գործնական աշխատանք: Քննարկվեցին նաև «Վերնատուն» ամսաթերթի առաջիկա համարում հրատարակվելիք նյութերը:
Դասընթացը անցավ բուռն քննարկումներով: ՀԵՆԱ անդամները ձեռք բերեցին նոր գիտելիքներ լրագրության վերաբերյալ, որոնք կկիրառվեն ամսաթերթը ավելի կատարելագործելու համար:
среда, 17 апреля 2013 г.
пятница, 12 апреля 2013 г.
«Վերնատուն» ամսաթերթի շնորհանդեսը
Այսօր Դսեղի մշակույթի տանը տեղի ունեցավ «Վերնատուն» ամսաթերթի շնորհանդեսը:
Շնորհանդեսի հյուրերն էին`
Քաունթերփարթ Ինթերնեշնլի քաղաքացիական հասարակության գծով մասնագետ Գայանե Մարտիրոսյանը,
քաղաքացիական հասարակության ծրագրի պատասխանատու Վահե Դարբինյանը, ՀԿ կենտրոն ՔՀԶ ՀԿ-ի աշխատակից Հերմինե Գասպարյանը, Դսեղի գյուղապետարանի աշխատակազմը` հանձինս գյուղապետ Նորիկ Քոչարյանի, առողջապահական կենտրոնի անձնակազմը, միջնակարգ դպրոցի տնօրեն Էդուարդ Շեկոյանը, Հովհ.Թումանյանի տուն-թանգարանի վարիչ Ռոզա Ղազումյանը և բազմաթիվ դսեղցիներ:
Միջոցառման սկզբում ելույթով հանդես եկան` ՀԵՆԱ-ի համակարգող Էֆրիդա Եգանյանը, գյուղապետ Նորիկ Քոչարյանը, դպրոցի տնօրեն Էդուարդ Շեկոյանը և Քաունթերփարթ Ինթերնեշնլ կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչները:
Միջոցառման մշակութային մասը նվիրված էր «Մայրության և գեղեցկության» տոնին: ՀԵՆԱ անդամները բանաստեղծություններ և երգեր նվիրեցին գարնանային այդ գեղեցիկ տոնի առիթով: Պարային համարներով հանդես եկավ նաև «Զարթոնք» պարային համույթը: Միջոցառման վերջում «Վերնատուն» ամսաթերթի անդրանիկ համարից բաժանվեց բոլոր ներկաներին:
«Վերնատուն» ամսաթերթի էլեկտրոնային տարբերակը՝ http://issuu.com/nishemodo/docs/desgh_newsletter
воскресенье, 7 апреля 2013 г.
Շնորհավորում ենք
Սիրելի´ մայրեր, քույրեր, տատիկներ ընդունեք մեր ջերմագին շնորհավորանքները` կանանց միամսյակի կապակցությամբ: Որպես պատմական իրողություն` հատկապես հայ մայրերը, իրենց աննկարագրելի ներդրումն են ունեցել ոչ միայն մեր ազգի պահպանման, սերունդների կրթման և դաստիրակման գործում, այլև իրենց ոգեղեն կեցվածքով մշտապես
եղել են հայ ընտանիքի ամուր սյունն ու կայուն ընտանիքի երաշխավորը: Ցանկանում ենք
առողջություն, կանացի երջանկություն և իղձերի իրականացում: Այսօրվա խորհուրդը հնարավորություն
է տալիս ևս մեկ անգամ արժևորելու ձեր անգնահատելի դերը և մաղթելու ամրություն ու ներդաշնակություն ձեզ`ձեր ընտանիքներում, աշխատանքում և բոլոր նոր ձեռնարկումներում:
Բարեկարգ դպրոց
Շաբաթօրյակին մասնակցում էին 1-12-րդ դասարանների աշակերները:
Առավել ակտիվ էին
6-րդ դասարանը` դասղեկ Ա. Ղուլինյան, 5-րդ
դասարանը` դասղեկ Ջ. Վարդանյան, 9-րդ դասարանը` դասղեկ Ս. Դալլաքյան:
Ավարտական դասարանների
աշակերտները տնկեցին անվանական ծառեր, իսկ միջին դասարանների աշակերտները զբաղվեցին ծաղիկների տնկմամբ և շրջակայքը մաքրելու աշխատանքներով:
Շաբաթօրյակի ընթացքում բարեկարգվեց դպրոցի շրջակայքը. մաքրվեց աղբից, ծառեր ու ծաղիկներ տնկվեցին:
Ըստ դպրոցի տնօրեն Է. Շեկոյանի` հետագայում նմանատիպ միջոցառումների
ժամանակ պետք է ավելի մեծանա երեխաների ներգրավվածությունը, որպեսզի
յուրաքանչյուրը գիտակցի իր շրջակայքի մաքրության կարևորությունը և պարտավորված զգա
դպրոցի տարածքը մաքուր պահելու հարցում:
Աշակերտների ծնողները նույնպես գոհունակություն հայտնեցին
նմանատիպ միջոցառումներ անցկացնելու համար: Սյուզաննա Խառատյանը նշեց, որ այդպիսի միջոցառումների շնորհիվ երեխան մանկուց կսովորի սիրել իր գյուղը և տարբեր քայլեր կձեռնարկի այն գեղեցիկ դարձնելու
ուղղությամբ՝ նշելով, որ իր երեխան շատ ուրախ է կոլեկտիվի հետ աշխատելու համար:
Подписаться на:
Сообщения (Atom)