среда, 29 января 2014 г.

Հայոց բանակի 22-րդ տարեդարձին ընդառաջ

Հունվարի 29-ին Դսեղ համայնքում, հանդիսավոր կերպով, նշվեց Հայոց բանակի կազմավորման 22-րդ տարեդարձը: Դսեղի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի դասվար Գայանե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ  և Փամբակի զորանոցի աջակցությամբ  կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի առաջին, հինգերորդ, իններորդ և տասներկուերորդ դասարանների աշակերտները: Նրանք իրենց ոգեշունչ բանաստեղծություններով և երգերով հայրենասիրական շունչ  էին հաղորդում հանդիսատեսին:
Միջոցառման  ժամանակ շնորհավորհանքի խոսքով հանդես եկան դպրոցի հետ համագործակցող Փամբակի զորանոցի փոխգնդապետրամանատար Գագիկ Հովհաննիսյանը, Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանը, դպրոցի տնօրեն Էդուարդ Շեկոյանը և պատմության ուսուցիչ Թաթուլ Եգանյանը: Բոլոր ներկաները ողջունելի համարեցին համայնքում նմանատիպ միջոցառումների իրականացմանը և շնորհակալություն հայտնեցին Գայանե Հովհաննիսյանին:








вторник, 28 января 2014 г.

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ (ԴՍԵՂԻ ՀԵՆԱ)

    Բանակի օրվա եվ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման 22-րդ տարեդարձի առթիվ շնորհավորում ենք  ողջ հայ ժողովրդին` Հայաստանի, Արցախի, աշխարհասփյուռ հայությանը, բանակի կազմավորման տարիներին զոհված մեր հայորդիների ընտանիքներին, հերոսներ ծնած մեր հերոս մայրերին, հանրապետության զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարին, սպաներին ու զինվորներին:
Միասնական ժողովուրդն ու հզոր մարտունակ բանակն են երկրի կայունության ու խաղաղության ամուր երաշխիքը: Այդ խաղաղության ու կայունության համար նահատակվեցին մեր քաջարի մարտիկները: Հավատանք ինքներս մեզ, մեր պետությանը, մեր բանակին, մեր նոր սերնդին, ովքեր երիտասարդ ու պատանի երկրապահների կեցվածքով համալրում են մեր բանակի շարքերը, դառնում մեր երկրի պահապանն ու տերը, ամրապնդում մեր հավատն ու վստահությունը վաղվա օրվա հանդեպ:



вторник, 10 декабря 2013 г.

Թումանյանական օր

Թումանյանի հայրենի ծննդավայրը` Դսեղը, կրկին մեծ թվով այցելուներ էր ընդունել` գյուղից, մարզից  ու  մայրաքաղաքից: Ամենամյա թումանյանական օրվան մասնակցելու էին եկել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը  և համայնքապետեր: Այս տարի կրկնակի տոն էր. Դսեղի հրապարակում կանգնեցվել  էր Թումանյանի վաղամեռիկ որդիներից մեկի՝ Արտավազդի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձան:
Միջոցառման սկզբում ելույթով հանդես եկավ Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանը՝ներկայացնելու օրվա խորհուրդը. պատվասեր դսեղցիներն իրենց հարգանքի և սիրո տուրքն են մատուցում մեծ հայրենակցի ու նրա ժառանգների հիշատակին, տարբեր նախաձեռնություններով ընդառաջ գնում Հ. Թումանյանի ծննդյան 145-ամյակին նվիրված համաժողովրդական տոնակատարությանը:
Արժե հիշատակել, որ Թումանյանի հանճարի վառ ապացույցը ոչ միայն իր ստեղծագործություններն են, այլև ընտանիքը, զավակները, ովքեր իրենց բարձր արժանիքներով մտել են մեր ժողովրդի պատմության մեջ՝ որպես նվիրյալներ, թումանյանական ոգին ու դաստիարակությունը կրող անհատականություններ: Նրանց կյանքի պատմությունն անչափ ուսանելի, ճանաչողական, դաստիարակչական մեծ արժեք է ներկայացնում: Նշենք, որ ստալինյան բռնատիրության ահն ու սարսափն այնքան ահավոր է եղել, որ երբ բանաստեղծի երեք որդիները բռնադատվում են 1937-ին , ապա ՝ զոհ գնում, նրանց անունները քիչ են շրջանառվում ոչ միայն ժամանակակիցների հուշերում, այլև հարազատների նամակներում: Պատմական այս անարդարությունն իրապես ջնջելու նպատակադրմամբ ՝ դսեղեցիներն ահա այդ նույն օրը լրջագույն անակնկալ մատուցեցին` կանգնեցնելով այդ հուշարձանը:
Նշենք, որ Արտավազդ Թումանյանը հայրենիքի դժվարին օրերին բուռն բարեգործական գործունեություն է ծավալել Արևմտյան Հայաստանում, իսկ Վանի վերջին նահանջի օրերին, մի խումբ ընկերների հետ, սպանվել է քրդերի կողմից:
Այս արժանավայել հայորդու հիշատակը հավերժացնող հուշաքարի բացման պատիվն տրվեց Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանին և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին:
Գյուղապետը շնորհակալագրեր հանձնեց հուշաքարի  հեղինակ  Արարատ Աղաբեկյանին, հուշաքարի կառուցմանը  մեծ  օգնություն ցուցաբերած համագյուղացիներ՝  Արտաշես Ղազարյանին և Սոկրատ Մամիկոնյանին: Համագյուղացի գործարար  Սամվել Անտոնյանին, ով մշապես աջակցել է թումանյանական միջոցառումների կազմակերպմանը և հովանավորել, հանձնվեց ‹‹Մաշտոց›› կրթամշակութային կենտրոնի ‹‹Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջին›› մեդալ: 

Օրնության իր խոսքն առ Աստված բարձրացրեց Գուգարաց  թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:


 Այնուհետև սկսվեց միջոցառման մշակութային մասը: Ելույթով հանդես եկան Դսեղի Հ. Թումանյանի անվան դպրոցի սաները: Թումանյանական մոտիվներով գեղեցիկ ելույթների կազմակերպիչը դպրոցի փոխտնօրեն Նունե Բեժանյանն էր:

Վերջում  մատուցվեց մատաղ:

вторник, 26 ноября 2013 г.

Ծրագիր գյուղաբնակ երիտասարդների համար

Երիտասարդական  ակումբների դաշնությունը(FYCA), Հայաստանի երիտասարդական հիմադրամի աջակցությամբ, ՀՀ նախագահի կողմից տրված դրամաշնորհի շրջանակում Ծաղկաձորում իրականացրեց  «Մեկնարկ» ծրագիրը:
Երիտասարդական ակումբների դաշնության կողմից կազմակերպված 5-օրյա սեմինարներին ՀՀ բոլոր մարզերի համայնքներից ու Արցախից մասնակցեցին 18-25 տարեկան շուրջ 25 երիտասարդ։
Նրանք ծանոթացան հասարակական կյանքում ներգրավվելու մեխանիզմներին, քննարկեցին գյուղաբնակ երիտասարդության հիմնախնդիրները, լուծման տարբեակներն ու մեթոդները:
Երիտասարդները ծանոթացան նաև  «Տեղական ինքնակառավարման մասին»  և «Տեղական հանրաքվեի մասին»  ՀՀ օրենքների դրույթներին։ Կազմակերպվել են նաև դասընթացներ ձեռնարկատիրական գործունեություն սկսելու մեխանիզմների, նորարարությունների վերաբերյալ։ Ծրագրի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց համայնքներին բնորոշ ուտեստներն ու ավանդույթները, շրջեցին Ծաղկաձորում, ծանոթացան տեղական հաջողված բիզնես ծրագրերին: Սեմինարի ընթացքում երիտասարդները  ոչ ֆորմալ ուսուցման մեթոդով  գիտելիքներ ստացան տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև բիզնես վարկերի վերաբերյալ:
«Մեկնարկ» ծրագրի մասնակիցները, գյուղաբնակ երիտասարդներին ակտիվացնելու և նրանց քաղաքացիական հասարակության լիիրավ անդամ դառնալուն նպաստելու համար, անհատապես կամ իրենց մարզի մյուս մասնակիցների հետ միասին մշակեցին ծրագրեր, որոնք հետագայում կֆինանսավորվեն և կիրականացվեն մարզերում`ապահովելով ծրագրի շարունակականությունը:
Վերոնշյալ ծրագրին Դսեղ համայնքից մասնակցել է ՀԵՆԱ համակարգող Էֆրիդա Եգանյանը: Այս ծրագրի շրջանակներում նա ներկայացրել է ծրագիր, որն էլ հաջողությամբ կյանքի է կոչվել: