пятница, 3 мая 2013 г.

ԳԱՅԼԵՐԸ՝ ԴՍԵՂՑԻՆԵՐԻ ԱՆԱՍՆԱԳՈՄԵՐՈՒՄ




Վերջին շրջանում Լոռու մարզի մանր եղջերավոր անասունները գայլերի բաժին են դառնում: Դսեղն էլ բացառություն չէ: Միայն այս գարնանը գյուղում գայլերի հարձակումներից ոչնչացվել է մոտ 25 գլուխ ոչխար՝ գառներով:
Դսեղցի Վրույր Քոչարյանի 11 ոչխարից 9-ը և 10 գառից 6-ը «արհավիրքի» զոհը դարձան: Քոչարյանը գիշերը 2:30-ի սահմաններում գոմում ձայներ լսեց, մինչև տնից դուրս կգար՝ տան առջևով 2 գայլ փախավ: Շուրջ 3000 դոլարը ջուրը գցած Վրույր Քոչարյանը, սակայն, չի վհատվում. ինչ լինում է, թող անասունին լինի: Միսն, ըստ Քոչարյանի, իրացնել չի հաջողվել.«Ինչը թափելու էր, թափեցինք, չվնասված մասն էլ տղերքը տարան կերան»:
Քոչարյանը պետությունից ոչ մի կոպեկի փոխհատուցում չի ստացել. «Ոչ թույլ են տալիս գայլ սպանենք, ոչ էլ հատուցում են: Գյուղապետը եղբայրս է, եթե ձեռքին օրենքով սահմանված թույլտվություն լիներ, ինձ էլ կհատկացներ»:
Վարդան Ավագյանի անասնագոմ գայլերը կրկին գիշերն են «հյուրընկալվել»՝ գոմաղբը թափելու համար նախատեսված փոքրիկ անցքով: 10 ոչխարից ոչնչացվել է 8-ը: Վարդան Ավագյանը նշում է, որ դիմել է գյուղապետարան, ավագանու անդամները եկել տեսել գնացել են: Միսն իրացնել չի եղել, այլ դարձել է շների բաժին: «Որն էլ պիտանի էր, օգտագործել ենք»,- նշում է Վարդան Ավագյանը:
Դսեղի՝ գործերով Երևանում գտնվող գյուղապետ Նորիկ Քոչարյանը հեռախոսազրույցում նշեց, որ իրենք փորձել են հնարավոր միջոցառումներն իրականացնել, տուժածներին չնչին օգնություն ցուցաբերել: «Դիմել ենք Լոռու մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանին, նա էլ ոչնչով օգնել չկարողացավ: Հարցրեցինք՝ ինչպես կարող ենք Որսորդմիության միջոցով ոչնչացնել գայլերին, այնքան երկար ճանապարհ ասացին, որ ոչինչ անել չէինք կարող»,-նշում է գյուղապետը:
«Գիտե՞ք՝ գյուղացիք ինչ վիճակում են: Ամբողջ ձմռանը չարչարվել պահել են, խոտի արժեքն էլ թանկացավ: Գարուն էր, պիտի օգտվեին, չհասցրեցին»,-դառնացած նշում է Նորիկ Քոչարյանը:
Բնության սանիտար հանդիսացող գայլերը, սակայն, սանիտարական աշխատանքներն սկսել են իրականացնել նաև մարդկանց «միջավայրում»:  

понедельник, 29 апреля 2013 г.

Սոցցանցերը Դսեղում


Մեր ժամանակներում համացանցը մեծ դեր ունի հասարակության կյանքում: Համացանցից օգտվում են գրեթե բոլորը՝ թե՛ մեծերը, թե՛ փոքրերը: Դա դարձել է անհրաժեշտություն որոշ մարդկանց կյանքում: Գյուղերում դեռևս համացանցից օգտվողները քիչ են: Մեր գյուղում՝ Դսեղում երիտասարդությունը հիմնականում օգտվում է սոցցանցերից՝ Facebook,  Odnoklassniki և այլն: Վերջին տարիներին կրթության մեջ նույնպես մեծացել է համացանցի դերը: Հարցումներից պարզ դարձավ, որ երիտասարդները մեծ ցանկություն ունեն գյուղում ավելի զարգացնել համացանցը և օգտվեն բոլոր հնարավորություններից:

Հարցազրույց Դսեղի գյուղապետի հետ


                                       
Դսեղը մեծ գյուղ է: Գյուղ, որ ապրում է իր առօրյայով, իր խնդիրներով, հիմնախնդիրներով, կենցաղով...Դսեղը՝ Դսեղի համայնքապետ Նորիկ Քոչարյանի աչքերով:

-Պարոն Քոչարյան, Դուք ղեկավարում եք Ամենայն հայոց բանաստղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայրը...
-Մենք՝ համագյուղացիներս, աշխատում ենք ուժերի ներածին չափով աշխատում ենք գյուղի վաղեմի փառքն ու փայլը չնսեմացնել, եկող զբոսաշրջիկներին ցույց տալ այն լավագույնը, որ տարիներով, դարերով մեր գյուղն ունեցել է: Գյուղն ունի շուրջ 12 դարի պատմություն: Հիմնադրել են Մամիկոնյանները, ովքեր եկել են Տարոնից, ամառանոց սարքել ու հիմնադրվել:Գյուղն իր պատմամշակութային հուշարձաններով մեր հանրապետության ամենաճանաչված, ամենասիրված վայրերից մեկն է: Մենք ունենք այնպիսի կոթողներ, որ երևի շատ-շատերը կարող են ուրախանալ ու հպարտանալ դրանցով՝ Սիրուն խաչը, որը Փարիզում ցուցադրվելու ժամանակ արժանացել է 1-ին կարգի մեդալի, 8-րդ դարում կառուցված Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ վանքը...
-Օրեր առաջ՝ Թումանյանի 144-ամյակին, մեր ուժերի ու հնարավորությունների սահմաններում մակարդակով, լոռեցուն հատուկ շուքով նշեցինք (հիշեցնենք, որ փետրվարի 20-ին՝ Թումանյանի հոբելյանի առթիվ, Դսեղում մեծ համերգ ունեցավ Վանաձորի «Հորովել» երգի-պարի համույթը՝ Ստեփան Դալլաքյանի գլխավորությամբ-հեղ. ): Թումանյանը մեր ներկայի ու գալիք սերունդների հավերժությունն է. մենք բոլորս պետք է հպարտանանք և ապրենք այդ հանճարի թողած ժառանգությամբ: Կուզեի, որ ըմբռնումով մոտենանք ու սիրենք այն գյուղը, անմնացորդ ծառայենք այն գյուղին, որտեղ ծնվել ու մեծացել է ազգային հանճարը: 

-Գյուղը, բնականաբար, ունի հիմնախնդիրներ; Որո՞նք են այդ հիմնախնդիրները:                                                                                                 
-Գյուղը, ինչպես Հանրապետության բոլոր գյուղերը, անկախության տարիներից ունեցան անլուծելի հարցեր, որոնք կամաց-կամաց, ըստ ծրագրերի՝ գյուղատնտեսության, մշակույթի և այլն, տեղից շարժվում են: Մենք աշխատում ենք ներգրավել այդ ծրագրերը, աշխատում ենք, որ համահունչ լինի բոլոր հարցերի լուծումը: Պետությունը ներդրում կատարում է ոչ լրիվ արժեքով. գյուղապետարանին թողնում են իր չափաբաժինը: Ինչքան էլ դժվար լինի մեզ մոտ, մենք պարտավոր ենք դա ստեղծել, քանի որ մեր ֆինանսական բոլոր միջոցները գալիս են հարկերից: Այսօր գյուղացին չունի այն պոտենցիալը, որ կարողանա հողի հարկը վճարել, առավել ևս, որ հողը չի մշակում: Պետությունն էլ է մեզ դոտացիա տալիս, բայց դա բավական չէ, ու պետք է մենք էլ աշխատենք անել այն, ինչ հնարավոր է: Ունենք մի շարք խնդիրներ՝ աղբահանության, գյուղի մի մասն է գազիֆիկացված, 32 կմ երկարությամբ ներքին ջրագիծն ունի վերանորոգման կարիք, անբարեկարգ ճանապարհներ ունենք, չկա արտաքին լուսավորություն, կան անապահով ընտանիքներ: Գյուղացին գումար չունի, որ նախ հողը մշակի, ինչի պատճառով հարկերը կուտակվում են:

-Պարո՛ն գյուղապետ, ինչպես նշեցիք Ձեր խոսքում, գյուղում անապահով ընտանիքներ կան:    
-Ոչ միայն Դսեղ գյուղը, այլև հանրապետության լեռնային և կիսալեռնային բնակավայրերում ապրողները, աղքատ չեն, բայց ապահովված էլ չեն: Հարցը նրանում է, որ մենք չունենք լավ վարելահողեր, անտառներն ու կիրճերը շատ են: Սա Արարատյան դաշտը չէ, որ տարին 2 անգամ բերք ստանանք. Մենք մեկ անգամ չենք կարողանում բերք ստանալ, առավել ևս այսօրվա վիճակով: Մեր գյուացիները միշտ էլ զբաղվել են անասնապահությամբ: Դա միակ աշխատանքն է, որ դսեղցուն քիչ թե շատ հնարավորություն է տալիս ապրել ու գոյատևել, իր ամենափոքր պահանջները հոգալ: Ցավով եմ ասում, որ ոչ բոլորի մոտ է դա ստացվում, քանի որ բոլորը չեն պատրաստ դրան, անասնապահությունն էլ այն բնագավառն է, որ մարդը պետք է 12 ամիս անասունի հետ կապված լինի: Դա այգեգրծություն չէ, որ գյուղացին ձմռանը մի քիչ հանգստանա: Եթե անասնապահությունը դնենք նժարին, նրանից ստացված եկամուտը հավասարազոր կլինի զրոյի. Գյուղացին արդյունք չի ստանում: Այսօր, ի հակառակ նախկինի, չկան ձիեր, խոտն արոտավայրերից մեքենաներով ենք բերում, բայց չկան բարեկարգ ճանապարհներ, վառելանյութի գինը բարձր է, գյուղացին բոլոր տնտեսագետներից լավ գիտի, թե իր եկամուտների աղբյուրը որտեղից կստացվի. Իրեն շահույթ կմնա՞, թե ոչ: Ինչպես ժողովուրդն է ասում, գյուղացին իր գրպանի լոբին բոլորից լավ է հաշվում: Բոլոր ծախսերը կուտակվում են, ու գյուղացու ստացած եկամուտը, իր քրտինքի ու իր ձեռքի կոշտուկի համեմատ, ոչինչ է: Սա ցավով եմ ասում, բայց մենք աջակցելու ենք, որ կարողանանք հասնել նրան, որ գյուղացին իր քրտինքի ու աշխատանքի տերը լինի:

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՆ ՈՒ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԲՈԼՈՐԻՆՆ ԵՆ


   
 Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը միշտ հայազգիների ու արտասահմանցիների ուշադրության կենտրոնում է...Ի՞նչ անելիքներ կան տուն-թանգարանում և ի՞նչ խնդիրներ...Մեր զրույցը տուն-թանգարանի վարիչ Ռոզա Ղազումյանի հետ է...




-Ի՞նչ հիմնախնդիրներ ունի տուն-թանգարանը:
-Առաջինը կուզեի Թումանյանի հետ կապված այնպիսի ցուցանմուշներ ձեռք բերել, որոնք կզարմացնեին մարդկանց: Կուզեի ձեռք բերել Թումանյանի ձեռագիր նամակները, Թումանյանի ձեռագրերը...Ճիշտ է՝ այս տարի թանգարանի  հիմնախնդիրների մի մասը լուծվում է՝ գազիֆիկացում, երկրորդ հարկն ամբողջությամբ վերանորոգվում է, բայց վերանորոգման հետ կապված մասնակի աշխատանքներ կան, որոնք սոցներդրումների նախագծի մեջ չեն մտել, բայց անհրաժեշտ են: Կրթական ծրագրեր իրականացնելիս գումարային հարցերում դժվարությունների առաջ ենք կանգնում: Նախատեսել եմ «Ազգային ծեսեր և ավանդույթնոր» միջոցառում անցկացնել, բայց դրա համար պետք են տաղավարներ, իրեր, նկարներ կան, որոնք կարելի է վերականգնել ու միջոցառման մեջ օգտագործել: Օրինակ՝ ինչպես են հացը թխում, գորգ գործում...այդ նույնը ցույց կտանք նաև գործնականում: Դրա համար գումար է պետք: Սա, իհարկե, լուրջ աշխատանք է, որին բավական երկար ժամանակ է անհրաժեշտ: Այսինքն՝ նյութական դժվարություններ ունենք:

-Այցելուների հետ կապված...տեղյակ եմ, որ թանգարանը շատ այցելուներ է ունենում:
-Կարևորն այն է, որ աճ կա: Վերջին 15 տարում չի եղել այնպիսի դեպք, որ մի տարի այցելուների թիվը նվազի: Միշտ աճել է. 3000-ից հասել է 11000-ի:

-Ըստ Ձեզ, դա ինչո՞վ է պայմանավորված:
-Միշտ եղել է Թումանյանի ու բնույան հանդեպ սերը: Հանրապետությունում զբոսաշրջության հետ կապված միջոցառումներ են անցկացվում, ստեղծվում են տուրիստական կենտրոններ, րոնք ուղղորդում են զբոսաշրջիկներին, հետո էլ մարդկանց նյութականն է փոքրիշատե բարելավվել: Մարդիկ արդեն հնարավորություն ունեն Երևանից գալ հանգստանալու, ու բնական է, որ եթե մոտեցել են մեր բնակավայրին, նաև կգան տուն-թանգարանը տեսնելու: Եվս մեկ կարևոր հանգամանք. Այցելուները գոհ են հեռանում, ինչը «գովազդի» հիմք է հանդիսանում, իրենց շրջապատում, կոլեկտիվներում, բարեկամների մոտ ասում են, որ կա այսպիսի թանգարան: Շատ է լինում, երբ մեկ անգամ եկողն այցելում է էլի ու էլի...

-Թումանյանի թանգարանը, նրա ժառանգությունը կարողանու՞մ են ստեղծել այնպիսի իրավիճակ, որ այցելուն իրեն զգա Թումանյանի օջախում:
-Մեր թանգարանի կառուցվածք այնպիսին է, որ առաջին և երկրորդ սրահներում, եթե նույնիսկ Թումանյանի կենսագրության հետ էլ չկապենք, ճանաչողական արժեքներ կան: Ամեն թանգարանում չէ, որ կան մեր հին կենցաղային, ազգագրական իրերը: Մենք ունենք, օգտագործում ենք, տեղեկացնում ենք, այսինքն՝ արտասահմանցի այցելուն, եե Թումանյանի մասին գաղափար չունի, հետաքրքրված չէ նրանով, գոնե այս երկու սենյակում տեսնում է հին հայկական տունը, նրա օգտագործած իրերը, ծանոթանում նրա ապրելակերպին: Երկրորդ հարկում անձնական իրեր կան, որոնք ինչպես ժամանակին, այնպես էլ հիմա, շատ ճանաչողական են և հնարավորություն են տալիս 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի մասին գաղափար կազմել, թե ինչպես է ապրել մտավորականը, ինչ իրեր է օգտագործել:



-Տիկին Ղազումյան, ըստ Ձեզ, ինչու՞ է հանրության ուշադրությունն առավելապես կենտրոնացած Թումանյանի վրա:
-Բնական է, որ մեծը Թումանյանն է, Թումանյանի հանդեպ հետաքրքրությունը՝ ևս...Թող ինձ ներեն, բայց ուրիշ թանգարաններ ինչու պիտի ավելի շատ գանան...Թումանյանի թանգարանն ու Թումանյանը բոլորինն են...

пятница, 26 апреля 2013 г.

Երիտասարդության համաշխարհային կամավորության օրը Դսեղում

Ապրիլի 26-ին` երիտասարդության համաշխարհային կամավորության օրը, Դսեղի ՀԵՆԱ անդամները հանդես եկան մի նոր բարի նախաձեռնությամբ: Նրանք մաքրեցին երիտասարդական այգու տարածքը, ծաղիկներ տնկեցին և ծառերից հեռացրեցին չորացած ճյուղերը:




среда, 24 апреля 2013 г.

Երիտասարդության համաշխարհային կամավորության օրը Դսեղում


Երիտասարդների համաշխարհային կամավորության օրը, Դսեղի ՀԵՆԱ անդամները կմաքրեն երտասարդական այգու տարածքը և այնտեղ ծաղիկներ կտնկեն:

Մեծ Եղեռնի 98-ամյակին



Գարնան խոնավ լույսով ու մշուշով շաղաղված , բացվում է ապրիլյան մռայլ առավոտը...Մոտենում ես օրացույցին ու աչքերիդ դիմաց կանգնում է խոշորատառ 24 թիվը...Սև թանաքով սպիտակի վրա գրված ամիս ամսաթիվ չէ սա, այլ կյանքի, խաղաղության դեմ գործած մի դավադրութուն:




Այսօր`ապրիլի 24-ին, ժամը 10:30-ին Դսեղ գյուղում երթ տեղի ունեցավ, որը նվիրված էր Մեծ Եղեռնի 98-ամյակին: Երթի մասնակիցները պաստառներով  շարժվեցին դեպի Ս.Գրիգոր Լուսավորիչ եղեկեցու բակում տեղադրված խաչքար`ծաղիկներ դնելու: Զոհերի հիշատակը հավերժացնող բանաստեղծություններով և երգերով հանդես եկան երթի մասնակիցները, որից հետո մոմավառություն կատարեցին եկեղեցում: