среда, 19 февраля 2014 г.

Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակը Դսեղում

 
Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։


Փետրվարի 19-ին լրացավ  Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակըԱյդ օրը հանճարեղ բանաստեղծի ծննդավայրը  լի էր հյուրերով: Նրանք բանաստեղծի արձանին ծաղիկներ դնելուց հետո, իջան տուն-թանգարանի բակ, որտեղ Դսեղի դպրոցի աշակերտների մասնակցությամբ կազմակերպվել  էր գեղեցիկ ցերեկույթ: Իրենց գեղեցիկ բանաստեղծություններով ու ներկայացումներով, աշակերտները  հիացրեցին հյուրերին:
Հայաստանի գրողների միությունը արդեն 6 տարի է, Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, հռչակել է Գիրք նվիրելու օր: Այդ կապակցությամբ էլ ՀՀ մշակույթի նախարարության կողմից 100 միավոր  գիրք հատկացվեց Թումանյանի տուն-թանգարանին և Դսեղի դպրոցին: Դսեղի դպրոցին և տուն-թանգարանին 50 անուն գիրք նվիրաբերվեց նաև ՀՀ Ոստիկանության Թումանյանի բաժնի կողից:
Յուրաքանչյուր հայի համար հատուկ է դարերի խորքից եկող և գրեթե բնազդական սերը դեպի գիրքը: Հովհաննես Թումանյանի մեջ այդ սերը բացահայտվում էր ավելի շեշտված, ավելի ցայտուն կերպով: Թումանյանը մեծ գրքասեր էր: Պատահական չէ, որ Գրքի տոնը նշվում է հենց նրա ծննդյանը օրը: Թումանյանը սիրում էր գիրքը առհասարակ, նույնիսկ իրեն անծանոթ լեզվով և առանձնապես իրեն չհետաքրքրող մի նյութի մասին գրված գիրքը: Ժամանակակիցները վկայում են, որ զավակներից հետո գրադարանն էր իր գուրգուրանքի առարկան: Նվարդ Թումանյանը հիշում է. <<Հայրիկը պաշտում էր գիրքը: Գրքեր գնելու սովորությունը վաղ էր զարթնել նրա մեջ, դեռևս աշակերտական տարիներից շարունակ նոր ու նոր գրքեր էր գնում, իհարկե ընտրությամբ: Գրադարանի գրքերը պահում էր խնամքով և ոչ ոքի չէր տալիս>>:
Թիֆլիսում՝ Ալեքսանդրյան կոչվող պարտեզի հարավային կողմում, կար զառիվայր մի փողոց, որն իջնում էր դեպի Քուռ գետը: Այդ փողոցում միայն հին գրքեր վաճառող խանութներ էին: Թումանյանին հաճախ կարելի էր տեսնել այդ փողոցում՝ մեկ գրախանութից մյուսն անցնելիս: Այդ այցելությունների արդյունքը միշտ լինում էր մի կապոց գիրք, որը Թումանյանը բերում էր ավելացնելու իր արդեն իսկ շատ ճոխ ու հարուստ գրադարանի գրքերին: 
Թումանյանն իր նոր լույս տեսած գրքերը առատորեն նվիրելու սովորություն ուներ: Մանկական պատկերազարդ գրքերը այնպես էր բաժանել, որ տանն օրինակ չէր մնացել: <<Վերջը նվիրածներից մեկը ետ է վերցրել իր համար>>,-հիշում է դուստրը: Թումանյանն ամեն ինչ անում էր, որ ընթերցողին հասնեն մատչելի ու բարձրորակ գրքեր:


 Թումանյանը, իհարկե, դեմ չէր, որ իր գիրքը վաճառվեր ու եկամուտ բերեր, սակայն նա չէր ուզում և չեր կարող սպասել դրանց վաճառվելուն, որովհետև շտապում էր նվիրել և առհասարակ միայն նվիրել գիտեր...
Կարդացե՛ք գրքեր, նվիրե՛ք իրար գրքեր՝ հիշելով Ուիթմենի իմաստուն խոսքը՝ <<Բարեկամս, սա գիրք չէ, հպվելով նրան՝ դու հպվում ես մարդու>>…..

Комментариев нет:

Отправить комментарий