среда, 19 июня 2013 г.

ՈՒսուցչուհին և նրա ինքնագործ թատերական խումբը



2006թ. թվականից Դսեղում հիմք դրվեց «Թումանյանական հեքիաթի օր» ամենամյա տոնակատարությանը: Դսեղ ժամանեցին թատերական խմբեր ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի շատ երկներից` անցկացնելու այդ հրաշալի միջոցառումը: Տեսնելով այդ ամենը, հենց հաջորդ տարի Դսեղի հանրակրթական դպրոցի գերմաներեն լեզվի ուսուցչուհի Սուսաննա Թումանյանը, սեփական նախաձեռնությամբ,  ստեղծեց ինքնագործ թատերական խումբ և բեմադրեց առաջին ներկայացումները:

-Ի՞նչը հիմք հանդիսացավ խմբի ստեղծման համար:

- Թումանյանի հարկի տակ փառատոն էր կազմակերպվում, և մենք լինեինք դիտորդի դերում, դա մեզ պատիվ չէր բերում: Իմ դասղեկական դասարանից ստեղծեցի թատերական խումբ և սկսեցինք աշխատանքները:

-Ո՞րն էր խմբի  առաջին ներկայացումը:

- Առաջին ներկայացումը «Կիկոսի մահն»  էր` գերմաներեն լեզվով: Բացի նշված ստեղծագործությունից, բեմադրեցինք նաև «Անտառի տնակը»:

-Ո՞րն էր գերմաներեն լեզվով հանդես գալու պատճառը:

- Քանի որ ես ինքս գերմաներեն լեզվի մասնագետ եմ, որոշեցի հենց այդ լեզվով կազմակերպել ներկայացումները` հետապնդելով մի քանի նպատակ: Նախ՝ ակտիվացնել իմ դասարանը, խթանել գերմաներենի ուսուցումը, հանրությանը ճանաչելի դարձնել Թումանյանի ստեղծագործությունները, ինչպես նաև  իմ համայնքի երեխաների և օտարների շփումները դարձնել ավելի ինտենսիվ: Ունեցել ենք նաև ներկայացումներ հայերեն լեզվով: Հենք ընդունելով Թումանյանի «Սուտասանը» հեքիաթը, փորձել ենք վեր հանել նաև մեզ հուզող հարցեր: Այս ներկայացումը բուռն արձագանք գտավ հասարակության շրջանում: Հաջորդ տարի խումբը բեմադրեց «Պապն ու շաղգամը» ստեղծագործությունը: Հանդիսատեսը միշտ էլ ծափողջյուններով է արձագանքել խմբի ելույթներին:

- Որտե՞ղ եք հանդես եկել ձեր ներկայացումներով:

- Խումբը ելույթներով հանդես է եկել ինչպես Հովհ. Թումանյանի տուն-թանգարան այցելած զբոսաշրջիկների համար, այնպես էլ «Բերքի տոն» -ին կազմակերպված մեծ միջոցառմանը` Գյուլագարակում: Խումբը ելույթներ է ունեցել նաև Երևանում: Ստացել է պատվոգրեր և լավ բեմադրություն նոմինացիա:

- Ունեի՞ք  բեմադրությունների համար անհրաժեշտ սեփական տիկնիկներ եւ հագուստներ:

- Բեմադրությունների համար անհրաժեշտ տիկնիկները և պարագաները ժամանակավոր տրամադրել են փառատոնի կազմակերպիչները` հանձինս Արմեն Սաֆարյանի և մեր համագյուղացի Արմենուհի Խաչատրյանի, ովքեր մեզ օժանդակել են թատրոնի կայացման գործընթացում: Մի քանի տիկնիկ էլ խումբը նվեր է ստացել:

- Այժմ գործու՞մ է  խումբը:

- Թատերական խմբի սաները 2012 թվականին ավարտեցին դպրոցը և խումբը ցրվեց:

-Ի՞նչ պլաններ ունեք առաջիկայում, քանի որ թատերական  խումբը ցրվել է:

- Ես ամեն տարի առիթը բաց չեմ թողնում տարբեր դասարանների իմ սաների հետ ներկայացումներ կամ այլ բնույթի միջոցառումներ կազմակերպել: Օրինակ 2012թ. աշնանը 9-րդ դասարանի աշակերտների ուժերով ներկայացրինք Gestatten, Froschkönig! (Թույլ տվե´ք, գորտ-թագավոր) հեքիաթը տուն-թանգարան այցելած մեծաթիվ զբոսաշրջիկների և համագյուղացիների համար, որը նույնպես ջերմ ընդունելիություն գտավ:

Ուսուցչուհին հաճախ է կազմակերպում գերմաներեն լեզվով միջոցառումներ: Հունիսի 3-ին 9-րդ դասարանցիները գերմանացի դասսական գրականության ներկայացուցիչների` Հայնեի, Գյոթեի, Շիլլերի ստեղծագործություններով ելույթ կունենան Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում: Ուսուցչուհին պատրաստվում է իր փորձով և գիտելիքներով կիսվել նաև հուլիսին գյուղ այցելող ավստրիացի արվեստագետների և երիտասարդների հետ:

Комментариев нет:

Отправить комментарий