четверг, 20 февраля 2014 г.

Անահիտ տատի ձեռագործ տիկնիկները

Դսեղցի Անահիտ Աթոյանը պարապ մնալ չի սիրում. ձեռքին անընդհատ աշխատանք կա: Ասեղնագործում է, շյուղերով կենդանացնում Կոմիտասին, Սայաթ-Նովային, Թումանյանին ու նրա հերոսներին՝ Ձախորդ Փանոսին, Անուշին, Սարոյին...                                  
Գրում է hetq.am կայքը (http://hetq.am/arm/news/32408/anahit-tati-dzeragorts-tikniknery.html)
Մութ ու ցուրտ տարիներն անգամ Անահիտ տատի այս զբաղմունքին չեն խանգարել: «Ընտանիքս շատ լավն է, եթե ես նստեցի իմ անկյունում՝ գործելու, ոչ մեկը չի խանգարում»
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի հարևանությամբ նա տարածք է ձեռք բերել, որտեղ էլ շարունակում է իր 55 տարվա աշխատանքը: Ինքնուս է, ոչ մեկից չի սովորել ասեղնագործել, բայց այսօր ունի բազմաթիվ մեծ ու փոքր գործեր: Կարում է նաև հագուստներ, որոնց նմանը հագել են Անուշն ու Սարոն:

«Ինձ պատիվ է վիճակվել, որ Թումանյանի թանգարանին կից աշխատեմ: Թանգարան մտնելով՝ մարդիկ ծանոթանում են Թումանյանի ամեն ինչին, բայց որ այստեղ մտնում են կերպարի մեջ, դա արդեն հոգու մի ուրիշ հանգստություն է, չգիտեմ ինչ բավականություն է»,- նշում է Անահիտ տատը:




 Անահիտ Աթոյան
 Թումանյանի 140-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, ներկայանալով երկու տասնյակի հասնող ցուցանմուշներով, Անահիտ տատը տեղում ստանում է Ժողովրդական վարպետի կոչում: «Եթե կարդում ես Թումանյան, մի քանի անգամ չկարդաս ու չմտնես նրա աշխարհը, երբեք էսպիսի աշխատանք չես անի: Հլա «Հին օրհնությունը» նայեք, իրա ծառը, իրա ծերունիները՝ նստած ծառի տակ, գավաթը ձեռքներին գինի են խմում: Դա մինչև չկարդաս, չես հասկանա, թե ինչքան անես, ոնց անես»,- ասում է Անահիտ տատը: Հաճախ նա ցուցանմուշները ներկայացնող փոքրիկ մակագրությունները վերցնում է ցուցանմուշների մոտից, որպեսզի այցելու երեխաներն իրենք ճանաչեն հերոսներին, իսկ եթե չեն ճանաչում, կարդան ու ճանաչեն նրանց:
«Երբ վարչապետը եկավ Դսեղ, ինքը, կարելի է ասել, հրամայական տվեց, որ «էս կինը հետը տանելո՞ւ է: Ժամեր տվեք, թող էս կինը պարապի»,- ասում է Անահիտ տատը: Խոստացան, գյուղի ակումբում ժամեր տվեցին, հիմա այնտեղ երեխաներին է գործել սովորեցնում: 8 աշակերտ ունի ու կարծում է, որ նրանց թիվը դեռ կավելանա: Հարցնում եմ՝ եթե ասեղնագործում եք, ենթադրում եմ, որ նաև նկարում եք: «Շրջվեք, նայեք Մասիսին, ծիծեռնակին, ծաղիկները...Դրանց պատկերներն ինքս եմ նկարել ու հանձնել թելին»,- ասում է Անահիտ տատը:
Տիկնիկների վաճառքից գոհ չէ. ասում է՝ հայ այցելուները ճանաչում են, գիտեն Թումանյանին, բայց մեծ գնումներ չեն անում, հիմնականում մանր գործերն են վաճառվում, իսկ դրսից եկած զբոսաշրջիկները չեն ճանաչում նրա հերոսներին:
Հերթով ցույց է տալիս տետրերը, որոնցում տարբեր մարդկանց կարծիքներն են իր գործերի մասին: Ամենատպավորիչն, ըստ Անահիտ տատի, 9-ամյա մի երեխայի կարծիքն է, ով գրել է, որ նրա գործերը ոչնչի հետ չի փոխի: Արվեստի մի շարք ներկայացուցիչներ՝ Երվանդ Մանարյանը, Սոս Սարգսյանը, Ցոլակ Կանթեղը, Վահրամ Թաթիկյանը և այլք ևս իրենց բարձր կարծիքն են հայտնել Անահիտ տատի աշխատանքի մասին: «Եթե ժողովրդի հետ խոսում եմ, ժողովուրդն ինչ-որ ձևով, թեկուզ մի փոքր ինձ գնահատում է, ոգևորող խոսք է ասում, դա ինձ համար պլյուս է: Էն աշխատանքը, որն անում եմ 4-5 օրում, կարող է ոգեշնչվեմ ու մի օրում անեմ»,-ասում է Անահիտ տատը:
Չնայած երկար տարիների փորձին, չի դադարում սովորել: «Դեռ սովորում եմ: Սովորում եմ մեծերից: Փոքրերը կոմպյուտերի հետ են: Դրա համար ես ասում եմ՝ մշակույթ, մշակույթ, մշակույթ: Աշխատեք երեխեքին ամեն ձևով կապել մշակույթին:
























среда, 19 февраля 2014 г.

Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակը Դսեղում

 
Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։


Փետրվարի 19-ին լրացավ  Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակըԱյդ օրը հանճարեղ բանաստեղծի ծննդավայրը  լի էր հյուրերով: Նրանք բանաստեղծի արձանին ծաղիկներ դնելուց հետո, իջան տուն-թանգարանի բակ, որտեղ Դսեղի դպրոցի աշակերտների մասնակցությամբ կազմակերպվել  էր գեղեցիկ ցերեկույթ: Իրենց գեղեցիկ բանաստեղծություններով ու ներկայացումներով, աշակերտները  հիացրեցին հյուրերին:
Հայաստանի գրողների միությունը արդեն 6 տարի է, Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, հռչակել է Գիրք նվիրելու օր: Այդ կապակցությամբ էլ ՀՀ մշակույթի նախարարության կողմից 100 միավոր  գիրք հատկացվեց Թումանյանի տուն-թանգարանին և Դսեղի դպրոցին: Դսեղի դպրոցին և տուն-թանգարանին 50 անուն գիրք նվիրաբերվեց նաև ՀՀ Ոստիկանության Թումանյանի բաժնի կողից:
Յուրաքանչյուր հայի համար հատուկ է դարերի խորքից եկող և գրեթե բնազդական սերը դեպի գիրքը: Հովհաննես Թումանյանի մեջ այդ սերը բացահայտվում էր ավելի շեշտված, ավելի ցայտուն կերպով: Թումանյանը մեծ գրքասեր էր: Պատահական չէ, որ Գրքի տոնը նշվում է հենց նրա ծննդյանը օրը: Թումանյանը սիրում էր գիրքը առհասարակ, նույնիսկ իրեն անծանոթ լեզվով և առանձնապես իրեն չհետաքրքրող մի նյութի մասին գրված գիրքը: Ժամանակակիցները վկայում են, որ զավակներից հետո գրադարանն էր իր գուրգուրանքի առարկան: Նվարդ Թումանյանը հիշում է. <<Հայրիկը պաշտում էր գիրքը: Գրքեր գնելու սովորությունը վաղ էր զարթնել նրա մեջ, դեռևս աշակերտական տարիներից շարունակ նոր ու նոր գրքեր էր գնում, իհարկե ընտրությամբ: Գրադարանի գրքերը պահում էր խնամքով և ոչ ոքի չէր տալիս>>:
Թիֆլիսում՝ Ալեքսանդրյան կոչվող պարտեզի հարավային կողմում, կար զառիվայր մի փողոց, որն իջնում էր դեպի Քուռ գետը: Այդ փողոցում միայն հին գրքեր վաճառող խանութներ էին: Թումանյանին հաճախ կարելի էր տեսնել այդ փողոցում՝ մեկ գրախանութից մյուսն անցնելիս: Այդ այցելությունների արդյունքը միշտ լինում էր մի կապոց գիրք, որը Թումանյանը բերում էր ավելացնելու իր արդեն իսկ շատ ճոխ ու հարուստ գրադարանի գրքերին: 
Թումանյանն իր նոր լույս տեսած գրքերը առատորեն նվիրելու սովորություն ուներ: Մանկական պատկերազարդ գրքերը այնպես էր բաժանել, որ տանն օրինակ չէր մնացել: <<Վերջը նվիրածներից մեկը ետ է վերցրել իր համար>>,-հիշում է դուստրը: Թումանյանն ամեն ինչ անում էր, որ ընթերցողին հասնեն մատչելի ու բարձրորակ գրքեր:


 Թումանյանը, իհարկե, դեմ չէր, որ իր գիրքը վաճառվեր ու եկամուտ բերեր, սակայն նա չէր ուզում և չեր կարող սպասել դրանց վաճառվելուն, որովհետև շտապում էր նվիրել և առհասարակ միայն նվիրել գիտեր...
Կարդացե՛ք գրքեր, նվիրե՛ք իրար գրքեր՝ հիշելով Ուիթմենի իմաստուն խոսքը՝ <<Բարեկամս, սա գիրք չէ, հպվելով նրան՝ դու հպվում ես մարդու>>…..

суббота, 15 февраля 2014 г.

Ս. ՍԱՐԳԻՍ` ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎ ՍԻՐՈ ԲԱՐԵԽՈՍ

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրն այս տարի նշվեց  փետրվարի 15-ին։
Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:
Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով:
Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականցնող Սուրբ է:
Ս. Սարգսի տոնին նախորդում է Ս.Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը: Պահքը տևում է հինգ օր` հունվարի 14- ից 18-ը:
Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:
Սիրահարված երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: