вторник, 10 декабря 2013 г.

Թումանյանական օր

Թումանյանի հայրենի ծննդավայրը` Դսեղը, կրկին մեծ թվով այցելուներ էր ընդունել` գյուղից, մարզից  ու  մայրաքաղաքից: Ամենամյա թումանյանական օրվան մասնակցելու էին եկել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը  և համայնքապետեր: Այս տարի կրկնակի տոն էր. Դսեղի հրապարակում կանգնեցվել  էր Թումանյանի վաղամեռիկ որդիներից մեկի՝ Արտավազդի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձան:
Միջոցառման սկզբում ելույթով հանդես եկավ Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանը՝ներկայացնելու օրվա խորհուրդը. պատվասեր դսեղցիներն իրենց հարգանքի և սիրո տուրքն են մատուցում մեծ հայրենակցի ու նրա ժառանգների հիշատակին, տարբեր նախաձեռնություններով ընդառաջ գնում Հ. Թումանյանի ծննդյան 145-ամյակին նվիրված համաժողովրդական տոնակատարությանը:
Արժե հիշատակել, որ Թումանյանի հանճարի վառ ապացույցը ոչ միայն իր ստեղծագործություններն են, այլև ընտանիքը, զավակները, ովքեր իրենց բարձր արժանիքներով մտել են մեր ժողովրդի պատմության մեջ՝ որպես նվիրյալներ, թումանյանական ոգին ու դաստիարակությունը կրող անհատականություններ: Նրանց կյանքի պատմությունն անչափ ուսանելի, ճանաչողական, դաստիարակչական մեծ արժեք է ներկայացնում: Նշենք, որ ստալինյան բռնատիրության ահն ու սարսափն այնքան ահավոր է եղել, որ երբ բանաստեղծի երեք որդիները բռնադատվում են 1937-ին , ապա ՝ զոհ գնում, նրանց անունները քիչ են շրջանառվում ոչ միայն ժամանակակիցների հուշերում, այլև հարազատների նամակներում: Պատմական այս անարդարությունն իրապես ջնջելու նպատակադրմամբ ՝ դսեղեցիներն ահա այդ նույն օրը լրջագույն անակնկալ մատուցեցին` կանգնեցնելով այդ հուշարձանը:
Նշենք, որ Արտավազդ Թումանյանը հայրենիքի դժվարին օրերին բուռն բարեգործական գործունեություն է ծավալել Արևմտյան Հայաստանում, իսկ Վանի վերջին նահանջի օրերին, մի խումբ ընկերների հետ, սպանվել է քրդերի կողմից:
Այս արժանավայել հայորդու հիշատակը հավերժացնող հուշաքարի բացման պատիվն տրվեց Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանին և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին:
Գյուղապետը շնորհակալագրեր հանձնեց հուշաքարի  հեղինակ  Արարատ Աղաբեկյանին, հուշաքարի կառուցմանը  մեծ  օգնություն ցուցաբերած համագյուղացիներ՝  Արտաշես Ղազարյանին և Սոկրատ Մամիկոնյանին: Համագյուղացի գործարար  Սամվել Անտոնյանին, ով մշապես աջակցել է թումանյանական միջոցառումների կազմակերպմանը և հովանավորել, հանձնվեց ‹‹Մաշտոց›› կրթամշակութային կենտրոնի ‹‹Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջին›› մեդալ: 

Օրնության իր խոսքն առ Աստված բարձրացրեց Գուգարաց  թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:


 Այնուհետև սկսվեց միջոցառման մշակութային մասը: Ելույթով հանդես եկան Դսեղի Հ. Թումանյանի անվան դպրոցի սաները: Թումանյանական մոտիվներով գեղեցիկ ելույթների կազմակերպիչը դպրոցի փոխտնօրեն Նունե Բեժանյանն էր:

Վերջում  մատուցվեց մատաղ: